Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ միայն զոհ, այլև հերոս. Շեշտադրումները պետք է փոխվեն

Հասարակություն
Suren-Manukyan

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը դեմ է այն տրամադրվածությունը, թե Ցեղասպանության 100-ամյակն ինչ-որ բանի ավարտ է: Նա վստահ է, որ 2015 թ.-ին շատ բաներ նոր են սկսվելու: «100 տարի անցել է, այնպիսի բացեր ունենք, որոնցով չենք զբաղվել: 100-ամյակը նաև առիթ է՝ այդ նոր գործերը սկսելու»,- ասաց Մանուկյանն այսօր՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած համաժողովի ընթացքում: Անդրադառալով այն դիտարկումներին, թե Հայոց ցեղասպանության արծարծման շեշտադրումները բարդույթավորում են հայերին՝ փոխտնօրենը նշեց, որ ցեղասպանությունը նաև դաստիարակչական մեծ լիցք ունի: Միաժամանակ Սուրեն Մանուկյանն օրինակ բերեց հրեաներին, ովքեր իրենց ցեղասպանության օրը նշում են որպես Հոլոքոստի զոհերի և հերոսների օր: Հրեաները համարում են, որ Հոլոքոստի զոհերը հերոս են, քանի որ զոհվել են հրեա լինելու պատճառով: Բանախոսն ընդգծեց, որ հայ ժողովուրդը ևս ունի հերոսներ, որոնց մասին ևս պետք է հիշատակել Ցեղասպանության մասին խոսելիս։ «Գրեթե բոլոր հայկական գյուղերում ինքնապաշտպանություն է եղել»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ հիմնականում, սակայն, խոսվում է միայն Վանի, Շապին-Գարահիսարի ինքնապաշտպանական կռիվների մասին: Սուրեն Մանուկյանը տեղեկացրեց, որ աշխատանք է կատարվում Կրթության և գիտության նախարարության հետ, և հաջորդ տարվանից դասագրքերում ևս Ցեղասպանության մասին տեքստերում շեշտը կդրվի հայերի ինքնապաշտպանության, տոկալու վրա: