Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բիզնես վարկերի ծրագիր՝ մարզաբնակ երիտասարդ ընտանիքների համար

Քաղաքականություն
Arsen-Karamyan

Հայաստանում երիտասարդների 37 տոկոսն ունի աշխատատեղ գտնելու խնդիր: Այս մասին ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած համաժողովի ժամանակ: Տվյալը ստացվել է նախարարության վերջերս կատարած ուսումնասիրության արդյունքում: Նա  ասաց, որ նախարարությունը միանձնյա  չի կարող՝ երիտասարդների զբաղվածության խնդիրը ենթադրենք 1-2 ամսում լուծել (և դա իր խնդիրն էլ չէ), քանի որ դա պայմանավորված է ընդհանուր տնտեսության վերելքով: Միաժամանակ Արսեն Քարամյանը տեղեկացրեց, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կառավարությանը ներկայացրել է մարզաբնակ երիտասարդ ընտանիքներին բիզնես վարկեր տրամադրելու ծրագիր: Ըստ ծրագրի՝ այդ ընտանիքները մինչև 10 մլն դրամ արժողությամբ վարկեր կստանան շուկայում էականորեն տարբերվող, արտոնյալ պայմաններով: «Սրանով որոշակիորեն իրավիճակի շտկում կլինի»,- ասաց Արսեն Քարամյանը: Նա կարծում է, որ այս ծրագիրն առաջիկա մեկ ամսում կդառնա կառավարության որոշում, որը կկիրարկվի 2015-ի հունվարի 1-ից: Փոխնախարարի համոզմամբ՝ մարզերում երիտասարդների հիմնախնդիրները, արտագաղթի տեմպերը շատ ավելի մեծ են, քան մայրաքաղաքում: Երևանը շատ ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Արսեն Քարամյանի գնահատմամբ՝ գործազրկության բարձր տեմպերին նպաստում է նաև այն, «ինչ այսօր ունենք կրթության ոլորտում»: Հայաստանում կա բարձրագույն կրթություն ստանալու մոլուցք: Ամեն տարի բուհ են ավարտում բազմաթիվ իրավաբաններ, սակայն որևէ մեկը չի ցանկանում դառնալ, օրինակ, կռունկավար, զոդող, մինչդեռ աշխատաշուկայում կռունկավարների, զոդողների պահանջարկ կա: