Կստուգվի՝ ՀՀ-ն իրականացնո՞ւմ է ԵԽ առջև ստանձնած պարտավորությունները (տեսանյութ)
«Անկախ այն փաստից` կստորագրի՞ Հայաստանը Ասոցացման համաձայնագիրը, թե ոչ, Հայաստանը շարունակելու է մնալ ԵԽ անդամ երկիր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը: «Մեր հիմնական նպատակն է Հայաստանում պաշտպանել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի սկզբունքները և աջակցել ժողովրդավարության հիմքերի պաշտպանը: Մենք և Հայաստանը համագործակցում ենք մի շարք ոլորտներում և ունենք մի շարք հաջողություններ»,-նշեց նա: «Ա1+»-ի այն հարցին, թե ինչքանո՞վ են պաշտպանված մարդու իրավունքները ՀՀ-ում, Ալեքսանդր Պավլյուկը խուսափեց պատասխանել. «Ես այստեղ չեմ եկել, որ գնահատեմ, թե Հայաստանը ինչ առաջընթաց է ունեցել մարդու իրավունքների հարցում: Մենք բազմաթիվ մոնիթորինգներ ենք անցկացրել և այս տարի հուլիսին խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնախումբը ժամանելու է Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և գնահատական տա, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը իրականացնո՞ւմ է ԵԽ-ի առջև ստանձնած իր պարտավորությունները»,-եզրափակեց նա: Ինչ վերաբերում է «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին` պարոն Պավլյուկը համոզված է, որ Եվրոպան քվեարկել է երգի և ոչ թե հաղթող մասնակցի կողմից ներկայացրած երևույթի օգտին. «Ես ջազ և ֆոլկ եմ նախընտրում, փոփը իմ ճաշակով չէ, բայց սա երգի մրցույթ է, որտեղ իմ կարծիքով մարդիկ քվեարկում են երգի և բարձր կատարողականության համար: Ես տեղյակ եմ, որ Հայաստանի մասնակիցը գրավել է չորրորդ հորիզոնականը, և դա բավականին ողջունելի է: Հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանի կատարողական արվեստը ներկայացնող մասնակիցները ավելի բարձր հորիզոնականներ կգրավեն»: