Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կախարդական փայտիկ չունենք, բայց պատրաստ ենք գտնել ուղիներ. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)

Քաղաքականություն
hovik5

Ես երբեք կողմ չեմ եղել պատժելուն, այլ միայն ձգտում եմ աջակցել ու համագործակցել: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ներկայացնելով նոր Կառավարության ծրագիրը: Նա հայտարարեց, որ ձեռք են մեկնելու ցանկացած քաղաքացու՝ բաց ու հրապարակային ձեւով. «Եթե բարեկեցության համար հարկային արտոնություններ կամ դրամաշնորհներ են պետք, ապա կանենք: Սահմանի վրա ԱԱՀ-ն փուլ առ փուլ կվերացնենք. այս պահին դեռ կան օրենսդրական անհստակեցումներ: Խստապահանջությունը բոլորի համար ընկալելի է դառնալու: Բոլորի համար կգործեն հստակ մեխանիզմներ: Սակայն իմ ականջալուր լինելը բոլորին չի նշանակում սեփական քաղաքական գծի բացակայություն: Մենք չունենք կախարդական փայտիկ, որ էապես ավելացնելու ենք որեւէ ոլորտի ծախսեր, սակայն մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ: Իհարկե, կան ծրագրեր, որոնք տեսականորեն ընդունելի են, սակայն մեր երկրի պայմաններում կիրառելի չեն»: Նա անդրադարձավ նաեւ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, որի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն անվանեց ամբոխահաճո հայտարարություններ. «Մենք պատրաստ ենք գտնել ուղիներ, որոնք կլինեն շահավետ բոլորի համար: Պետք է լինի պարտադիր, ոչ թե՝ պարտադրված»: Ըստ վարչապետի՝ Կառավարության ծրագրի գերակայությունը լինելու է ՀՀ քաղաքացին եւ նրա անվտանգության ապահովումն ու բարձրացումը, իսկ նրա բարեկեցությունը կլինի գործադիրի նպատակը. «Մենք ամեն ինչ անելու ենք՝ պայքարելու համար աղքատության ու արտագաղթի դեմ՝ լավ հասկանալով, որ մեկ գործիքով անհնար է դրանք վերացնել: Մենք ամեն ինչ անելու ենք, որ քաղաքացին իր ստեղծագործ աշխատանքով ապագան հայրենիքում կերտի: Ինչպես նաեւ խոստանում եմ՝ ոչ ոք չի կարողանալու յուրացնել ուրիշի սեփականությունը կամ բիզնեսը: Իսկ հարկեր-ՀՆԱ ցուցանիշները աճելու են, սակայն ոչ թե մեխանիկորեն, այլ ստվերի կրճատմանը համահունչ»: Իր ելույթի վերջում Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ ընդգծեց իրենց ծրագրի սկզբունքները. «Իրատեսական, խստապահանջ ու ականջալուր, ու դա կլինի քաղաքական ուժերի համագործակցությամբ ու մոնիտորինգի ներքո»: