Ջուրը կթանկանա
Էլեկտրաէներգիայի թանկացումն անընդունելի է, քանի որ այն շատ ծանր է անդրադառնալու Հայաստանի՝ առանց այն էլ մահացող տնտեսության վրա: 10 տոկոսանոց գնաճը իր հետ կբերի նաև շատ այլ ոլորտների և ծառայությունների ինքնարժեքի բարձրացում, -այս կարծիքին է Երեւանի սպառողների շահերի պաշտպանության ասոցացիայի փոխնախագահ Մկրտիչ Դավթյանը։ « Էլեկտրաէներգիայի սակագինը որոշիչ դեր և ազդեցություն ունի ցանկացած այլ համակարգերի վրա, հստակորեն կարող եմ ասել, որ մոտ ապագայում ջրի սակագինը կբարձրանա»,- «Ա1+»-ին ասաց նա։ Մկրտիչ Դավթյանը չի հավատում իշխանությունների կողմից ներկայացված այն փաստարկներին, որ ՋԷԿ-երը վնասով են աշխատում և անհրաժեշտ է անհապաղ ներդրումներ կատարել դրանց վերանորոգման և վերազիննման համար: Նա այստեղ այլ բան է տեսնում: «Հիշենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, երբ տարիներ առաջ այն իշխանության կողմից ներկայացվեց որպես, շահույթ չունեցող ընկերություն եւ կոպեկներով վաճառվեց: Ամիսներ անց գործարանը դարձավ Հայաստանի հինգ խոշոր հարկատուներից մեկը: Հիմա նույնպես փորձում են էներգակիրներին հասցնել սնանկության, որպեսզի նորից չնչին գումարներով սեփականաշնորհեն» - ասաց սպառողների շահերի պաշտպանը: «Եթե նույնիսկ էներգակիրներն իսկապես ունեն ֆինանսական ճեղքվածք, ինչու պետք է այդ բացը լրացվի ժողովրդի գրպանից,- հարց է բարձրացնում Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և հիշեցնում,- Տարիներ շարունակ այդ կառույցները հարստացել են մեր քաղաքացիների հաշվին, հիմա թող իրենք էլ ներդրում անեն»: Տիկին Հակոբյանը նույպես համոզված է՝ մոտ ժամանակներս մեր քաղաքացիներին տհաճ անակնկալ է սպասվում.«Դա կապված կլինի ջրի սակագնի հետ»: