Քառյակ կլինի, հնգյակ, թե եռյակ, կարևոր չի. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)
«Քառյակ կլինի, հնգյակ, թե եռյակ, կառավարությունը պատրաստ է համագործակցել, եթե առաջարկները ողջամիտ են»,- այսօր ոչ իշխանական ուժերի 12 կետերին անդրադառնալով՝ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա մասնակցում էր «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումին. «Ոչ իշխանական ուժերի պահանջները կարելի էր ձևակերպել որպես «համագործակցություն» կամ էլ «առաջարկություն»։ Ամեն դեպքում, մենք քննարկում ենք, և յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն ընդունվելու է։ Ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 կետերի մեծ մասը արտահայտված են կառավարության ծրագրում, որ հաստատվել է Ազգային ժողովի կողմից»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ կառավարության համար կարևոր չի, թե ով է վեր հանում խնդիրները. «Կարևորը մենք կատարենք գործ, որը մեր տնտեսությունը կզարգացնի»։ Նա նաև անդրադարձավ պարտադիր կուտակային համակարգի կառավարության նոր նախագծին՝ լրագրողներին հիշեցնելով, որ հուլիսի 1-ից կբարձրանա պետական սեկտորի աշխատավարձերը. սա վարչապետը բնորոշեց որպես համարձակ քայլ. «Մենք պետական սեկտորի համար նպատակային սոցիալական վճար ենք սահմանում, դա շատ ճիշտ քայլ է, իսկ մասնավոր ոլորտի համար մինչև 2017թ. հուլիսի մեկը հետաձգված է, 2017 թ. հուլիսի մեկից հետո բոլորի համար դա կդառնա պարտադիր»։