Չի բացառվում, որ «ԴԵՄ ԵՄ»-ը կրկին դիմի ՍԴ (տեսանյութ)
Թե պետական, թե մասնավոր հիմնարկների աշխատողները պարտավոր են 2- րդ անգամ դիմում գրել` մի դեպքում պարտադիր կուտակային համակարգին մասնակցելու, մյուսի դեպքում վերահաստատելու համար, որ համակարգից հրաժարվում են։ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը վստահեցնում է` հենց սա է պահանջում «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը. «Ես կարող եմ ներողություն խնդրել մեր քաղաքացիներից դրա համար, բայց այլ ճանապարհ չկար: Ամբողջ համակարգը կառուցված է այնպես, որ դիմում գրելը դառնում է տեխնիկական անհրաժեշտություն, սա իրավական չէ»: Նոր օրենքը ԱԺ-ն կարողացավ հաստատել միայն ՀՀԿ պատգամավորների քվեարկությամբ եւ այն արդեն ուժի մեջ է մտել։ Մինչ օրս 1974թ. եւ հետո ծնված ՀՀ բոլոր քաղաքացիները միջանկյալ օրենքով դիմում էին գրել պարտադիր բաղադրիչից հրաժարման մասին: Այսօր իրավիճակն այլ է. «Երբ որ մենք օրենքը ուսումնասիրում ենք, ամբողջ օրենքը` սկզբի հոդվածներով պարտադիր է, հետո մենք տանում ենք, մասերի ենք բաժանում` պետական մասը պարտադիր, մասնավորը` կամավոր: Այստեղ համակարգում առաջանում է խնդիր, դրա համար դիմում գրելը դառնում է պարտադիր»: Հակոբ Հակոբյանի խոսքերը «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման անդամ Լեւոն Հարությունյանի համար անակնկալ էին: Ըստ նրա՝ Օրենքը հստակ ասում է, որ միայն մասնավոր սեկտորը պետք է նորից դիմում գրի։ «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման անդամ Լեւոն Հարությունյանը մեկնաբանում է. «Ինչքան հնարավոր է` դիմումները պետք է շուտ գրեն, կա նաեւ վերջնաժամկետ` դեկտեմբերի 25-ն է, եթե մինչ այդ մասնավոր սեկտորի մասնակիցը դիմում չգրի, նա ստիպված կլինի մինչեւ 2017թ. կատարել կուտակայինը»: Միաժամանակ նա հասկանում է, թե ինչու են իշխանությունները ստիպում դիմում գրել նաեւ պետական սեկտորի աշխատակիցներին. «Երբ պետական սեկտորի աշխատողը գրում է, որ ուզում է մասնակցել, դա նշանակում է, որն ինքը կամարտահայտություն է հայտնում, որ ինքն ուզում է կուտակի գումարները ու այդ դեպքում գումարներն այլեւս հետ չեն տա, եթե մարդիկ գրեն դիմումները»: Ի դեպ, չի բացառվում, որ «ԴԵՄ ԵՄ»-ը կրկին դիմի ՍԴ`քանի որ նոր օրենքը եւս համարում է հակասահմանադրական: