Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՈՒԺԵԼ ԵՆ ՄԱՐԶԵՐԸ

Մարզեր

Հուլիսի 6-ին ժամը 15։30-16։30-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի մի շարք համայնքներում։ Ըստ նախնական տվյալների, տուժել են Մարալիկի, Ձորակապի, Սառնաղբյուրի, Լանջիկի, Քարաբերդի, Ձիթանքովի եւ Պեմզաշենի ցանքատարածությունները։

Շիրակի մարզպետարանի ու ԱԻՎ-ի ներկայացուցիչները մեկնել են տուժած համայնքներ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Ստեղծված հանձնաժողովը եղել է կարկուտից տուժած համայնքներում, տեղում ուսումնասիրել վնասի չափը, կազմել վնասի գնահատման նախնական եզրակացություն:

Կարկուտից վնաս կրած համայնքների բնակիչներն ասում են, որ հազիվ թե կարողանան բերքի 10 տոկոսը փրկել:Ձորակապի գյուղապետի խոսքով, այդ եւ տարածաշրջանի մյուս գյուղերի երկրագործներն այս տարի եւս գյուղացիական տնտեսություններին սպասարկող բանկից մեծ չափի վարկեր էին վերցրել, եւ հույս ունեին, որ ցանքատարածքների ընդլայնմամբ կկարողանային հոգս հոգալ, սակայն անսպասելի կարկուտը բազմապատկեց գյուղացու հոգսը:

Մարզպետարանի գյուղվարչության պետի հավաստմամբ, հիմա դեռ վաղ է կարկուտի վնասի չափն արտահայտող որեւէ թիվ նշել: Հնարավոր է, որ դեպքին հաջորդող գիշեր ջերմաստիճանի անկում լինի, ինչի պատճառով վնասի ծավալն ավելանա: Վնասը գնահատող հանձնաժողովն առաջիկա օրերին կանցկացնի համալիր ուսունասիրություն եւ կներկայացնի վերջնական եզրակացություն: