«Հայրենիքից» սկսվում է «Փղերի աշխարհը» (տեսանյութ)
«Ես դեռ կենդանի եմ», «Կյանքը չի կարող ձանձրալի լինել» և ևս երկու հիթ` հնդկական ֆիլմերի սիրահարների համար «Մոսկվա» կինոթատրոնում, «Հնդկական ֆիլմերի շաբաթ» ծրագրի շրջանակում: Բոլիվուդը նշում է իր կինոարդյունաբերության հարյուրամյակը: Խորհրդային տարիներին «Մոսկվա» կամ «Նաիրի» կինոթատրոններում հնդկական ֆիլմ դիտելն այնքան էլ ընդունված չէր: Հնդկական ֆիլմեր ցուցադրող կինոթատրոնը`«Հայրենիքն» էր, և ինչպես այն ժամանակ կատակում էին, այստեղից սկսվում էր «փղերի աշխարհը»: Հնդկական ֆիլմերի երկրպագուները տոմսերի համար մի իսկական պատերազմ էին սարքում: Հետխորհրդային տարիներին կինոթատրոնը փակվեց, սակայն բոլիվուդյան ֆիլմերի հանդեպ հետաքրքրությունը չնվազեց: Կինոթատրոններին էլ փոխարինեց ինտերնետը: Սա ֆեյսբուքյան օգտատերերի գրառումներից է` «Կույր սերը» ամենառոմանտիկ, ամենազգացմունքային և ամենաողբերգական ֆիլմն է, անպայման դիտեք, կամ թե հարցում` «հնդկական ո՞ր ֆիլմից եք ավելի շատ լացել…» ; Բոլիվուդը տարեկան արտադրում է 1000-ից ավել ֆիլմ: Ամեն օր մոտ 14 մլն հնդիկ կինոթատրոն է գնում` նոր կինոնկար դիտելու, ու երգերի ժամանակ հանդիսատեսը դահլիճում կարող է դուրս գալ ու պարել: Նրանցից շատերի համար սա թերևս ինֆորմացիայի միակ աղբյուրն է և հեքիաթային անուրջների նրանց աշխարհը: Հնդիկ հանդիսատեսն առաջին անգամ համբույր էկրանին տեսավ միայն 1983 թվականին: Սակայն այսօր էլ սա ողջունելի չէ: Ժամանակը տեղում չի դոփում, և հնդկական ավանդական երգն ու պարը սկսեցին համեմվել, միքսվել ժամանակակից ռիթմերով, սարիին էլ փոխարինեց նորաձև հագուկապը: Սակայն իր հուզական յուրօրինակությունը, իր անուրջների աշխարհը հնդկական կինոն պահպանեց, քանի որ մարդկանց միշտ էլ պետք է հեքիաթ, պետք է երազանք ու հավատ, որ բարին ի վերջո կհաղթանակի: