ՏՄՊՊՀ-ն հաղթեց դատարանում. բյուջե կմուտքագրվի 95 մլն դրամ
ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, բեռնափոխադրումների ոլորտում գործող «Չորս ընկեր», «ՍՕՀՕ» եւ «Պրոֆ իմպրոտեքս» ընկերությունների բողոքն ընդդեմ Հանձնաժողովի մերժվեց, եւ ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ: Տնտեսվարողների բողոքը մերժվել է դատական բոլոր՝ 3 ատյաններում: Հիշեցնենք, որ Հանձնաժողովը մամուլի տասնյակ հրապարակումների, ինչպես նաեւ առեւտրականների բողոքների հիման վրա լայնածավալ ուսումնասիրություն էր սկսել Թուրքիայից եւ Չինաստանից իրականացվող բեռնափոխադրումների ոլորտում: ՏՄՊՊՀ-ը պարզել էր, որ «Չորս ընկեր», «ՍՕՀՕ», «Պրոֆ իմպրոտեքս» եւ «Նանիս» ընկերությունները հակամրցակցային համաձայնության գալով բարձրացրել էին փոխադրվող ապրանքի համար պահանջվող գինը. Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի համար առեւտրականներից պահանջվող գումարը 4 դոլարից դարձել էր 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7-ի փոխարեն՝ 14 դոլար: Բացի «Նանիս» ընկերությունից, մյուս երեքը դատական կարգով բողոքարկել էին ՏՄՊՊՀ որոշումը: Ներկրման եւ իրացման ծավալներով խոշորը «Չորս ընկեր» ընկերությունն է, որը, ՏՄՊՊՀ որոշման համաձայն՝ պետբյուջե կվճարի 55 մլն դրամ, «ՍՕՀՕ» ընկերությունը՝ 30 մլն, իսկ «Պրոֆ իմպրոտեքսը»՝ 10 միլիոն դրամ: ՏՄՊՊՀ