Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՏՆԱԿԱՅԻՆ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿՈՒՄ

Մարզեր

Հերթական անգամ խախտվել է Գյումրու Արդարադատության պալատի շինարարական աշխատանքների ավարտի վերջնաժամկետը: Ֆինանսական պատճառներով մի քանի անգամ հետաձգված շինարարության ավարտի ժամկետ վերջին անգամ սահմանվել էր հուլիսի 15-ը: Սակայն նախօրոք նշված վերջնաժամկետը հերթական անգամ երկարաձգվել է պալատի շրջակայքի բարեկարգման պատճառով, որը նախագծով նախատեսված չէր:

Ալեք Մանուկյան եւ Գարեգին Նժդեհ փողոցների՝ պալատին հարող տարածքի բարեկարգումը «Երեւանշինի» համար լրացուցիչ աշխատանք է: Այդ աշխատանքները կատարելու համար քաղաքապետը դիմել է Արդարադատության նախարարին, ստացել համաձայնություն եւ եւս 7- 8 միլիոն դրամի լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվել շինարարական կազմակերպությանը:

Չնայած շինարարը հավաստում է, որ տարածքի բարեկարգումը կավարտվի հուլիսի վերջին, այնուամենայնիվ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորները չեն կարողանա տեղափոխվել նոր ու քաղաքակիրթ աշխատավայր եւ ստիպված են անորոշ ժամանակով արդարադատություն իրականացնել մետաղյա տնակներում, ուր, դատավորների հավաստմամբ, հատկապես ամռանը անհնար է շնչել:

«Ցայգ» հ/ը մեր գործընկերները տեղեկացնում են, որ Արդարադատության պալատի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի վերջին՝ քաղաքի օրը. պատճառը գույքի բացակայությունն է: