ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՖԻԱՍԿՈՆ
Աջակցիր «Ա1+»-ին«Փյունիկը», «Բանանցը» եւ «Միկան» պարտություններով սկսեցին եվրոգավաթների հերթական խաղարկությունները եւ սա կարելի է համարել Հայաստանի ակումբային ֆուտբոլի հերթական ձախողումը: Եթե «Փյունիկը» 0:1 հաշվով պարտվեց «Հակային» եւ դեռ Երեւանում կարող է հաջողության հասնել ու դուրս գալ հաջորդ փուլ, ապա մյուս 2-ը գործնականում զրկվեցին այդ հնարավորությունից:
«Միկան» հյուրընկալվելիս 0:4 հաշվով զիջեց գերմանական «Մայնցին» եւ պարզ է, որ Երեւանում կայանալիք պատասխան մրցավեճը պարզապես փորձ ձեռք բերելու հնարավորություն է: «Միկայի» մրցակիցն իրոք անչափ ուժեղ էր, սակայն խոշոր հաշվով պարտության համար դա չի կարող արդարացում լինել: «Բանանցը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջեց Թբիլիսիի «Լոկոմոտիվին» եւ քիչ հավանական է թվում, թե հայական ակումբը պատասխան մրցավեճում կկարողանա հաղթանակ տոնել, քանի որ չունի նման պոտենցիալ եւ այս պարտությունը օրինաչափ էր, ինչպես «Միկայի» եւ «Փյունիկի» անհաջողությունները:
Ցավալի է, որ Հայաստանի ակումբային ֆուտբոլը շարունակում է նահանջ ապրել, իսկ վարկանիշը տարեցտարի նվազում է` հավասարվելով եվրոպական` ֆուտբոլային առումով, հետամնաց երկրներին, ինչպիսիք են Լյուքսեմբուրգը, Անդորրան կամ Լիխտենշտեյնը: