Քննարկվել են ԵՏՄ անդամ երկրների համար հնարավոր խոչընդոտները
Պաշտոնական այցով Բելառուսի հանրապետություն է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը: ՏՄՊՊՀ նախագահը Վիտեբսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության տարածքում Մրցակցության հավասար պայմանների ապահովման վերաբերյալ միջազգային Համաժողովին: ԵՏՄ անդամ հանդիսացող երկրների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են տարբեր ապրանքների արտահանման եւ ներմուծման ժամանակ տնտեսվարողների միջեւ հավասար պայմաններին եւ հնարավոր մուտքի խոչընդոտներին առնչվող հարցեր: ՏՄՊՊՀ նախագահը Համաժողովում հանդես է եկել ելույթով` ընդգծելով, որ տեւական ժամանակ ընթացող քննարկումների առաջնահերթ հարցերից մեկը տեղական արտադրողների շահերի պաշտպանության խնդիրն է, ինչն էլ հնարավորինս հստակեցվել է մրցակցային ընդհանուր սկզբունքների եւ կանոնների մասին արձանագրությամբ: Ա. Շաբոյանը կարեւորել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դերը, որը կքննի տվյալ երկրից դուրս օրինախախտում թույլ տված ընկերության հարցը եւ համապատասխան որոշում կկայացնի: Եթե, ասենք, հայկական որեւէ ընկերություն իրախախտում թույլ տա ՌԴ տարածքում կամ հակառակը, երկու դեպքում էլ կարող է տվյալ գործով զբաղվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: «Այսօր մենք ոչ ռեզիդենտ իրավախախտ սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու օրենսդրական լծակ չունենք: Համաձայնագրով կկարգավորվի այս խնդիրը, ինչը շատ ողջունելի է: Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ սա շատ կարեւոր քայլ է՝ տեղական ընկերությունների շահերը մաքսային ընդհանուր տարածքում պաշտպանելու եւ հնարավոր խոչընդոտները վերացնելու համար»,-իր խոսքում նշել է Ա. Շաբոյանը: Նա իր ելույթում կարեւորել է նաեւ, որպեսզի հայկական արտահանող ընկերությունները կարողանան հավասար պայմաններով ԵՏՄ անդամ երկրներում մասնակցել պետական գնումների գործընթացին, իսկ Հանձնաժողովը կլինի հետեւողական հնարավոր խնդիրների լուծման հարցում: ՏՄՊՊՀ նախագահը անդրադարձել է նաեւ տնտեսվարողների ապրանքային նշանների պաշտպանության եւ անհրաժեշտ վերահսկողության խնդրին: Խոսքը վերաբերում է հատկապես նրանց, ովքեր Հայաստանում գրանցելով որեւէ ապրանքային նշան, արտահանման ժամանակ առնչվում են խնդիրների այն պատճառով, որ նույն անվանումով ապրանքանիշ գրանցել է ասենք ՌԴ-ում գործող որեւէ տնտեսվարող: Կամ, նման խնդիրներ առաջանում են նաեւ նույնանուն ապրանքների ներմուծման ժամանակ: Հանձնաժողովի վարույթում եղել են նման գործեր, օրինակ քաղցրավենիքի, դեղորայքի եւ այլ շուկաների հետ կապված: Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավարը իր ելույթում խոսել է նաեւ օրենսդրական բարեփոխումներից, նշելով, որ էական փոփոխություններ չեն լինի: Կլինեն որոշակի լրացումներ՝ կիրառվող պատժամիջոցների խստացման եւ տուգանքների չափորոշիչների հետ կապված: Եվրասիական տնտեսական Հանձնաժողովի մրցակցային հարցերով նախարար Նուրլան Ալդաբերգենովը հատուկ անդրադարձել է, թե ինչ իրավական մեխանիզմներ են նախատեսված ԵՏՄ տարածքում հայ արտադրողների շահերի լիարժեք պաշտպանության համար: Համաժողովին մասնակցել են նաեւ ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ, պատգամավորներ, ինչպես նաեւ գործարար համայնքի ներկայացուցիչներ: ՀՀ ՏՄՊՊՀ