Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության մեջ թերություններ է նկատել

Տնտեսություն
կապ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով կառուցվող Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ հատված, որտեղ երթևեկելի երկու գոտիներում արդեն ավարտվել են բետոնի փռման աշխատանքները։ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը և շինարարական աշխատանքներն իրականացնող «Կորսան կորվիամ» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դանիել Դոմինգոն, ներկայացնելով աշխատանքների ընթացքը, տեղեկացրին, որ Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ հատվածի ձախ երթևեկելի գոտում ներկայում շարունակվում են կարերի կտրման և դրանց հերմետիկացման աշխատանքները։ Նախարարը ծրագրի պատասխանատուների հետ ուսումնասիրեց իրականացված աշխատանքները՝ ուշադրություն դարձնելով հատկապես բետոնապատված մակերեսի ընդհանուր հարթության ցուցանիշի համապատասխանելիությանը միջազգային չափորոշիչներին և իրականացված կարերի որակին, որոնցում նկատելի էին որոշակի թերություններ: Նախարարն իր դիտողությունները ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Կորսան կորվիամ» և տեխնիկական վերահսկողությունը կատարող «Սաֆեժ Էպտիսա» կազմակերպությունների պատասխանատուներին, հանձնարարեց ուսումնասիրել նշված խնդիրները, հստակեցնել դրանց լուծումները, շտկել թերությունները։ կապ1   կապ2 Գագիկ Բեգլարյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ Հայաստանի համար պետական նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին պետք է կառուցվի բարձր որակով, թերություններն անընդունելի են։ Ներկայում ինտենսիվ կերպով շարունակվում են աշխատանքները նաև մայրուղու Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին հատվածներում։ Երևան-Աշտարակ հատվածում ավարտվել են բետոնի փռման աշխատանքները։ Աշտարակ-Թալին ճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են ճանապարհի լայնացման հողային և շինարարական աշխատանքներ։ Ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջիկայում կվերանորոգվեն ու կվերականգնվեն նաև այս հատվածներում տեղակայված կամրջային կառույցները։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն