Դեղատունը խանութ չէ
«Պետք է փոխել բնակչության շրջանում արմատացած այն պատկերացումը, թե դեղատունը խանութի պես մի բան է, և անհրաժեշտ է դեղագործական ծառայությունների մի նոր մշակույթ ձևավորել » - Հակաբիոտիկների մասին իրազեկման օրվա առիթով հրավիրված ասուլիսում ասաց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի վարակիչ հիվանդությունների ծրագրերի համակարգող Գայանե Ղուկասյանը։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակաբիոտիկներ նշանակում են նաև անգինայի և մրսածության դեպքում, որը վտանգավոր հետևանքներ է ունենում։ Ըստ մասնագետի՝ հակամանրէային դեղերի նշանակումների ավելի քան 40 տոկոսը հիմնավորված չէ։ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանի խոսքերով ՝ այս բացթողումը գալիս է դեռ խորհրդային տարիներից՝ որոշ հակաբիոտիկներ բաց էին թողնվում առանց դեղատոմսի, ինչը շարունակվում է։ Եվրոպական տարածաշրջանում իրականացված հետազոտման արդյունքները պնդում են, որ Հայաստանը առանց դեղատոմսի հակաբիոտիկների օգտագործման հարցում զբաղեցնում է միջին տեղ։ Երևանի դեղատներում փաստեցին, որ հակաբիոտիկներ գնել ցանկացող հաճախորդները շատ են, բայց իրենք պահանջում են ներկայացնել դեղատոմս , իսկ եթե չկա դեղատոմս, ապա խորհուրդ են տալիս այլ դեղ գնել։ Ըստ մասնագետների՝ սա եւս վտանգավոր է։