Դրամի արժեզրկումը ազդել է նաեւ բջջային օպերատորի վրա
Դրամի արժեզրկումը ազդում է նաեւ Հայաստանում բջջային օպերատոր «Վիվասել» ընկերության ներդրումների վրա։ «Այս արժեզրկման պատճառով որոշ տոկոսներ ենք կորցրել։ Հուսով եմ, որ տատանումները շուտով կկարգավորվեն»,- «Ա1+»-ին ասաց «Վիվասել» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Ինչ վերաբերում է բաժանորդների թվին, ապա պարոն Յիրիկյանի խոսքերով, այն չի պակասել եւ կա որոշ կայուն աճ։ Ըստ պարոն Յիրիկյանի՝ բաժանորդներից շատերը օգտվում են բոլոր օպերատորների ծառայություններից եւ օգտվում առաջարկվող հարմար ծառայություններից։ «Գրպանում նույնիսկ 3 հեռախոս են ունենում»։ Իսկ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելը չի կարծում, որ ոլորտի վրա կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ. «Շուկան արդեն ձեւավորված է։ Մեր բաժանորդներն այստեղ են, երբ գնում են այլ շուկաներ, օգտագործում են ռոումինգի ծառայությունը»,- եզրափակեց նա։ Ի դեպ, հեշտությամբ կարելի է նկատել, որ բջջային օպերատորը խիստ սահմանափակել է մասնավորապես լրատվամիջոցներին տրվող գովազդների ծավալները։