«Օրենքի փոփոխությունը Սերժ Սարգսյանի մոտեցումներին հակասում է»
2015թ. բեկումնային տարի է լինելու տնտեսական շուկայի համար. լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը եւ այդ առումով, ըստ նրա, հատկապես ծանր է լինելու մանր ու միջին բիզնեսի համար: Նրա գնահատականները վերաբերում էին այս օրերին բողոքի ակցիաների դուրս եկած վաճառականներին, որոնց համար խնդիրներ է ստեղծել «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները: Ըստ տնտեսագետի՝ անգամ ներդրողի համար է օրենսդրական այս փոփոխությունը լրջագույն ռիսկ. «Մինչ օրս բիզնեսում նրանց համար կային թափանցիկ հարաբերություններ, այժմ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Ես շատ ուրախ կլինեմ, եթե վարչապետի երեկվա ասածը լիներ՝ գործեր կամավորության սկզբունքը, կամ լինի այլընտրանքային տարբերակ»: Պարոն Մանուկյանը ընդգծում է՝ մանրածախ առեւտրով զբաղվողները լրջագույն խնդիրներ ունեն այսօր, ու դա է վկայում նաեւ դեռ 2013թ. հրապարակված միջազգային զեկույցներ, ըստ որոնց՝ ՀՀ-ում մանրածախ առեւտրով զբաղվողների շուրջ 18 տոկոսը դուրս է մղվել դաշտից. «Մինչդեռ այսօր, երբ անդամակցել ենք ԵՏՄ-ին ու կանգնել ենք նոր մարտահրավերների առջեւ, մեր առեւտրականների կողքին կանգնելու փոխարեն, նմանատիպ օրենքներով ավելի ենք հարվածում նրանց: Ես կարծում եմ, որ սա կարող է բերել անգամ բունտային ալիքի, քանի որ քաղաքական ուժերն էլ են ներթափանցում բողոքի այս ալիքի մեջ ու դրանով փորձում դիվիդենտներ ստանալ: Եթե կառավարությունը կշռադատված մոտենա խնդրին, փոխզիջումներով, ապա կարծում եմ՝ հարցը դրան չի հասնի»: Տնտեսագետը չի կարծում, որ օրենսդրական այս փոփոխությունների նպատակը խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելն է. «ՀՀ-ում իրատեսական չէ՝ եթե խոշորը թուղթ չտա, ապա մանրածախ առեւտրով զբաղվողները կհայտնեն պատկան մարմիններին: Ստացվում է՝ իրականում առաջանում է հակասություն Սերժ Սարգսյանի մոտեցումների հետ կապված, երբ նա ասում էր, թե ձուկը գլխից պետք է բռնել»: