Մենք տանուլ ենք տալիս, և պետք չէ կառչել կյանքի փեշից. Մանվել Եղիազարյան
Երկրում ստեղծված այս իրավիճակի համար մեղավոր են բոլորը. համոզած է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ով այսօր նույնպես մասնակցում է «Ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի» խորհրդաժողովին. «Ե՛վ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, և՛ մտավորականությունը, և՛ աշխարհի բոլոր հայերը: Մենք պայքարի դուրս եկանք, որ հայրենիք ունենանք, որ հայի պատիվը հետ բերենք: Մենք ուզում էինք երկիր ստեղծել, որ հայի անձնագիրը բացելուց փշաքաղվեին, հասկանային, որ մենք ունենք ժողովուրդ, ունենք զավակներ, ովքեր պատրաստ են փրկել երկիրը: Բայց այսօր մենք ի՞նչ ունենք. ունենք գզգզված, ոտնահարված, աղքատիկ շորերով Հայաստան, որ մարդ ամաչում է: Մենք տանուլ ենք տալիս, որովհետև մարդիկ ստամոքսից վեր իրենց գլուխը չեն ճանաչում»։ Ազատամարտիկը համոզված է, որ դատապարտված է այն իշխանությունը, որը մեղանչում է իր խղճի դեմ։ Մանվել Եղիազարյանը փրկության ելքը տեսնում է արմատական փոփոխություններում. «Ինչքան շուտ, այնքան լավ, քանզի վաղը մեզ բոլորիս անիծելու են մեր սերունդները: Մենք տանուլ ենք տալիս, և պետք չէ կառչել կյանքի փեշից»։