Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուրգարյանի բոլոր քմահաճույքները Կոնսալեսը տարավ, բայց համերգը տապալվեց (տեսանյութ)

Մշակույթ
opera

Իտալացի հանրահայտ դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի երաժշտությունը հայ բեմում չհնչեց։ Փետրվարի 5-ին նախանշված համերգը տապալվեց, որի մեղավորը, նրա հայ պրոդյուսերների խոսքով, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն է։ Կոնսալեսը պետք է ներկայացներ Ռախմանինով՝ իտալական մոտեցմամբ։ Դաշնակահարը դեռևս անցյալ տարի պետք է համերգով հանդես գար Հայաստանում, սակայն այդ օրերին հանկարծամահ էր եղել նրա մայրը։ «Այս անգամ նա բարեհաջող եկավ։ Առաջին փորձի օրն ամեն ինչ նորմալ էր. Անտոնիո Կոնսալեսն ու Կարեն Դուրգարյանը ձեռքսեղմումով հրաժեշտ տվեցին իրար։ Ամեն ինչ փոխվեց հենց համերգի օրը»,-պատմել է դաշնակահարի պրոդյուսեր Դավիթ Խաչատրյանը։ «Նախ Կարեն Դուրգարյանը զայրացած էր, թե ինչու է երաժիշտն ուշանում»,-նշել է թատրոնի ռեժիսոր և համերգի պրոդյուսեր Մարինա Սահակյանը, նաև ավելացրել, որ Կոնսալեսի՝ թատրոն ժամանելուց հետո պարզվել է, որ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը նորից փորձ է պահանջում։ Իսկ իտալացի դաշնակահարը համերգից անմիջապես առաջ փորձ անելու սովորություն չունի, նա պետք է հանգստանա։ «Բայց Դուրգարյանի բոլոր քմահաճույքները Կոնսալեսը տարավ»,-շեշտել է համերգի պրոդյուսերը։ Համերգից րոպեներ առաջ էլ թատրոնի գլխավոր դիրիժոր և նվագախմբի ղեկավար Դուրգարյանը հայտարարել է, թե համերգը չի կայանալու։ «Նա ասաց, որ կհաղորդվի, թե Կոնսալեսը հիվանդ է և չի կարող նվագել»,-պատմել է Մարինա Սահակյանը։ «Այդ ամենի պատճառով Անտոնիոյի բերանից փրփուր էր դուրս գալիս, նա ահավոր վիճակում էր, և անվտանգության աշխատակիցների միջոցով մենք պարզապես երաժշտին հեռացրեցինք թատրոնի տարածքից»,-նշել է նա։ Մինչև այժմ Կարեն Դուրգարյանը որևէ հստակ բացատրություն չի տվել, թե ինչու չնվագեց Կոնսալեսի հետ և ինչու չեղյալ հայտարարեց համերգը։ Կոնսալեսի հայ պրոդյուսերները կարծում են, որ նա նախանձի պատճառով է այդպես վարվել և մենաշնորհ ունի թատրոնում, ուզում է մշտապես իր կողմից կազմակերպվող միջոցառումներ անցկացվեն։ Բայց նրանք գոհ են թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանից, ով բավականին աջակցել է համերգի կազմակերպմանը։ Ի դեպ, համերգից իտալացի երաժիշտը որևէ ֆինանսական ակնկալիք չի ունեցել, նա ժամանել է սեփական միջոցներով, իսկ տոմսերի վաճառքից ստացված գումարը մնալու էր թատրոնին։ Կոնսալեսի պրոդյուսերները նաև հերքել են մամուլում տարածված լուրերը, թե այս առիթով ծեծկռտուք է եղել։ «Ես շատ զայրացա, երբ իմացա, որ համերգը տապալվել է, բղավում էի, և թատրոնի աշխատակից Շմավոն Գրիգորյանը հարցրեց, թե ինչու ես բղավում։ Մենք լեզվակռիվ ունեցանք, բայց ծեծկռտուք չի եղել»,-շեշտել է համերգի պրոդյուսեր Դավիթ Խաչատրյանը։