Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Փողի շաբաթ․ «Հանրության շատ փոքր մասն է կարողանում բարդ տոկոս հաշվարկել»

Մարտի 16-22-ը մեկնարկել է Փողի միջազգային շաբաթը, որի շրջանակում Հրազդան երիտասարդական կենտրոնում «Խելացի զրույցներ փողի մասին» խորագրով երիտասարդների հետ հանդիպում ունեցավ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը։

100-ից ավելի երկրներում իրականացվող Փողի միջազգային շաբաթ նախաձեռնությունը կարևոր առաքելություն ունի․ այն միտված է երիտասարդության շրջանում ֆինանսների վերաբերյալ գիտելիքների փոխանցմանը և արդիական խնդիրների շուրջ իրազեկվածության բարձրացմանը։

«Կենտրոնական բանկի տեսանկյունից՝ իրազեկ և ֆինանսապես գրագետ քաղաքացին մեծ դեր ունի ֆինանսական կայունության ապահովման հարցում։ Մինչդեռ անբավարար գիտելիքները կարող են խնդիրներ առաջացնել համակարգում, որոնք հետո պետք է կարգավորվեն կենտրոնական բանկի կողմից։ Այդ պատճառով գրագիտության մակարդակի բարձրացումն ու խնդիրների կանխարգելումը շատ ավելի արդյունավետ են»,-ասում է Արմեն Քթոյան

Հանդիպումները հիմնականում անցկացվում են երիտասարդների հետ․«Երիտասարդները մշտապես նոր լուծումներ են փնտրում, սակայն այդ փնտրտուքը կարող է ոչ միայն արդյունավետ լինել, այլև հանգեցնել խնդիրների, որոնցից կարելի էր խուսափել»։

Ըստ նրա՝ ի տարբերություն ավագ սերնդի, որտեղ արդեն ձևավորված են ֆինանսական վարքագծի հիմնարար սկզբունքներ, երիտասարդների մոտ դրանք դեռ ձևավորման փուլում են, և կարևոր է հենց սկզբից ճիշտ մոտեցումների ձևավորումը։

Քթոյանը նշեց, որ չնայած իրականացվող բազմաթիվ ծրագրերին՝ ֆինանսական գրագիտության մակարդակը շարունակում է խնդիր մնալ. «Տարբեր չափումներ ցույց են տալիս, որ ունենք լուրջ բացեր, որոնք հատկապես սրվում են նոր տեխնոլոգիաների պայմաններում։ Վերջերս հրապարակված հարցման արդյունքները ցույց են տվել, որ հանրության շատ փոքր մասն է կարողանում բարդ տոկոս հաշվարկել, ինչը ֆինանսական գրագիտության հիմնական տարրերից է»։

Նրա խոսքով՝ նման հանդիպումները նաև հնարավորություն են տալիս հասկանալ տարբեր տարիքային խմբերի խոցելիությունը և բացահայտել խնդիրները։

Խոսելով անձնական ֆինանսների կառավարման մասին՝ Արմեն Քթոյանն առանձնացրեց մի քանի հիմնարար սկզբունք. «Եկամուտները ճիշտ կառավարելու համար նախ պետք է կարգավորել ծախսերը՝ տարբերակելով առաջնային և ոչ առաջնային կարիքները։ Կարևոր է հասկանալ ծախսերի օպտիմալացման գաղափարը և հստակ պատկերացում ունենալ, թե տվյալ ամսում ինչ ծախսեր են սպասվում և ինչպես է այն անհրաժեշտ կենսագործել ծախսերի պլանավորման ու իրականացման համատեքստում»։

Քթոյանը կարևորեց նաև խնայողության մշակույթը՝ հարցադրելով. «Արդյո՞ք մարդիկ կարողանում են խնայել, և արդյո՞ք խնայողությունները նրանց համար առաջնային են։ Բացի այդ, կարևոր է հասկանալ՝ որտեղ են տեղաբաշխվում այդ խնայողությունները, և արդյո՞ք հաշվի են առնվում բոլոր այն ռիսկերը, որոնք ուղեկցվում են այս կամ այն ակտիվում խնայողությունների ներդրմանը»։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը ներկայումս ունի ներդրումների համար նպաստավոր միջավայր. «Եթե նայենք ամսական կտրվածքով, կտեսնենք, որ ամեն ամիս գրանցվող տնտեսվարող սուբյեկտների թիվը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա։ Հայաստանը դառնում է գրավիչ նաև պորտֆելային ներդրումների համար»։

Միաժամանակ նա նշեց, որ յուրաքանչյուր ներդրում ունի իր ռիսկը. «Պատմականորեն Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որտեղ ներդրողները ռիսկի դիմաց ակնկալել են ավելի բարձր եկամտաբերություն, քան օրինակ՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, այսինքն՝ ռիսկի հավելավճարը, որպես կանոն, գտնվել է բարձր մակարդակի վրա»։

Սակայն, ըստ նրա, վերջին շրջանում նկատվում են դրական փոփոխություններ. «Այսօր ռիսկի հավելավճարը նվազում է, և նույն ռիսկի դիմաց ներդրողներն ավելի քիչ եկամուտ են ակնկալում, քան 1-2 տարի առաջ։ Սա նշանակում է, որ Հայաստանը ներդրումային առումով որակական առաջընթաց է գրանցել և արդեն որոշ փորձագետների կողմից համեմատվում է Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների հետ»։

Անդրադառնալով ֆինանսական զեղծարարություններին՝ Քթոյանն ընդգծեց, որ խնդիրը մշտապես Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում է. «Առկա են զեղծարարությունների ամենատարբեր եղանակներ և դրանց դեմ պայքարի համար ԿԲ-ն մշտապես ներդնում է ամենատարբեր գործիքներ ու մեխանիզմներ։ Օրինակ՝ վերջին ժամանակներս ստացվում են ահազանգեր, որ քաղաքացիների անունով ձևակերպվել են վարկեր՝ առանց իրենց իմացության»։

Նրա խոսքով՝ այս խնդրի լուծման համար ներդրվել է նոր գործիք. «Հուլիսի 1-ից քաղաքացիները կարող են իրենց բանկային հավելվածներում օգտագործել «ստոպ» գործառույթը, որը կբացառի իրենց անունով վարկի ձևակերպումը՝ առանց իրենց հաստատման։ Անհրաժեշտության դեպքում քաղաքացին կարող է դիմել բանկ և հանել այդ սահմանափակումը՝ անձը հաստատելով»։