Ամուսնալուծվում են հիմնականում 90-ականներին ծնվածները
Վերջին տարիներին ամուսնալուծությունների թիվը Հայաստանում աճել է 19 տոկոսով: Այս մասին է ահազանգում Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Արգամ Ստեփանյանը: «Եթե 2012 թվականին մենք ունեինք տարեկան շուրջ 3400 ամուսնալուծություն, իսկ 2013 թվականին դրանց թիվը 3900 էր, ապա 2014 թվականին ամուսնալուծությունների թիվը հասել է մինչև 4600-ի»,- տեղեկացրեց նա: Ամուսնալուծությունների գծով փաստաբան Լիանա Բալյանի տվյալներով՝ վերջին տարիներին ամուսնալուծվում են հիմնականում 90-ական թվականներին ծնվածները: Նրա կարծիքով՝ ամուսնալուծությունների թվի աճին նպաստել է արևմտյան բարքերն ու երիտասարդների կողմից ընտանեկան արժեքների ստորադասումը. «Կարող է 7 տարի ընկերություն անեն, հետո ճոխ հարսանիք, բայց մի տարի հետո իրար չհասկանալու պատճառաբանությամբ ամուսնալուծվում են: Խնդիր է նաև այն, որ մեզ մոտ ամուսնալուծության կարգը բավականին հեշտացված է»: Փաստաբանը անձամբ է առնչվել ամուսնալուծության այնպիսի դեպքերի, երբ զույգերը բաժանվել են սոցցանցերի պատճառով. «Ես դեպք ունեի, երբ ամուսինը ամբողջ օրն աշխատում էր և կինը տանը մենակ մնալով սկսել էր պարապությունից սոցցանցերով տարբեր տղամարդկանց հետ շփվել ու հանդիպել: Ամուսինը տեղեկանալով այդ մասին՝ քսաներեք տեղից դանակահարել էր կնոջը: Արդյունքում տուժեցին երեխաները»: Հոգեբան Իրինա Ծատուրյանի համոզմամբ՝ ամուսնալուծությունների հիմնական պատճառներից մեկը նաև այն է, որ երիտասարդների մեծ մասը լրջությամբ չի մոտենում ամուսնությանը. «Աղջիկը կարող է տեսնել, որ ընկերուհին հարսի շոր է հագել, ինքն էլ է ուզում, իսկ տղաները դեռ հասուն ու պատրաստ չեն լինում ընտանեկան կյանքին և ամուսնանալուց հետո էլ շարունակում են վարել նախկին ազատ կյանքը, ինչը կարող է վեճերի պատճառ դառնալ»: