Սերժ Սարգսյանը արձանագրությունների վրա ՀՀ ներկայացուցչի ստորագրությունը չեղյալ չի հայտարարել (տեսանյութ)
Հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից ետ կանչելու Սերժ Սարգսյանի որոշումը ողջունելի, բայցևայնպես ուշացած քայլ է։ «Նախագահը երեք անգամ խոստացել էր չեղյալ համարել այդ արձանագրությունները և հետևաբար քայլերի էլ պետք է դիմեր, նաև առաջիկա երկու ամսից գալիս է Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչումը, հետևաբար նման արձանագրություններով գնալը ճիշտ չէր, առավել ևս, որ այդ արձանագրությունները հակասության մեջ էին մտնում հունվարի 29-ի Համահայկական հռչակագրի հետ»,-նշում է քաղաքագետ Արա Պապյանը։ Արդյո՞ք ներքաղաքական իրավիճակը ևս ազդակ էր Սերժ Սարգսյանի համար՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կրկին կազմելու կամ Դաշնակցության հետ հարաբերությունները բարելավելու առումով։ Այս հարցում կարծիքները միանշանակ չեն։ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը այս կապակցությամբ ասում է. «Ներքաղաքական կյանքի հետ սա չէի կապի, որովհետև եթե անսպասելի բան եղած լիներ, որին որևէ մեկը չէր սպասում, գուցեև, բայց այս պարագայում չեմ կարծում, որ ճիշտ կլինի»։ Իսկ Արա Պապյանի կարծիքով՝ եթե նախագահը առաջիկայում նրանց առաջարկեց կոալիցիոն կառավարություն ստեղծել՝ այսինքն պաշտոններ տալ և ՀՅԴ-ն էլ համաձայնի, նշանակում է, որ այդ ներքաղաքական գործոնը եղել է կարևորագույններից մեկը։ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն էլ ասում է. «Ինձ չի թվում, թե Հայաստանի պետական շահերը պետք է ներկուսակցական ինչ-որ փոքրիկ համագործակցությունների կամ հնարավորությունների դաշտի մեջ նայել»։ ԱԺ-ից արձանագրությունները ետ կանչելը թեև դրական, բայց ոչ բավարար քայլ է համարում քաղաքագետ Արա Պապյանը։ Ըստ նրա ՝ սրան պետք է հաջորդեն առավել կարևոր որոշումներ։ «Նախագահը ԱԺ-ից ետ է կանչել արձանագրությունները, բայց Հայաստանի ներկայացուցիչի ստորագրությունը չեղյալ չի հայտարարված, այսիքն՝ ցանկացած պահի նախագահը նորից դրանք կարող է ուղարկել ԱԺ, հետևաբար դեռ վերջնական քայլ ունի նախագահը անելու՝ պաշտոնապես հայտարարի, որ Հայաստանի ներկայացուցչի ստորագրությունը չեղյալ է»,- ասում է նա։ Ռուսաստան-Թուրքիա համագործակցության սերտացման ֆոնին՝ արդյո՞ք ցյուրիխյան արձանագրությունների ետ կանչումը հաղորդագրություն էր՝ ուղղված միջազգային հանրությանը։ Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ՝ պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնում են,ապա մենք հանդիպում ենք արհավիրքների, բայց Աստված չտա, որ խորացումներ լինեն, իսկ արձանագրությունների ետ կանչելը կապել ռուս-թուրքական հարաբերությունների հետ, նա սխալ է համարում։ Արձանագրությունների ետ կանչվելը, Թևան Պողոսյանի հավաստմամբ, դեռևս չի նշանակում դիվանագիտական կամ տնտեսական հարաբերությունների իսպառ սառեցում Հայաստանի և Թուրքիայի համար։ Նա չի բացառում համագործակցության այլ ուղիների ստեղծումը։ Մանրամասները ՝տեսանյութում։