Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆԵՑ ԱՆԴՈՐՐԱ

Սպորտ

Անդորրայի հետ խաղին չի մասնակցի նաեւ Արտավազդ Քարամյանը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր մեկնեց Անդորրա, որտեղ հոկտեմբերի 12-ին Երեւանի ժամանակով 19:00-ին տեղի կունենա աշխարհի առաջնության ընտրական փուլի Անդորրա - Հայաստան մրցավեճը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս հանդիպմանը վնասվածքի պատճառով չեն մասնակցի հիմնական կազմի դարպասապահ Ռոման Բերեզովսկին եւ հարձակվող Գալուստ Պետրոսյանը:

Այս ֆուտբոլիստներին է միացել նաեւ Արտավազդ Քարամյանը, որը հանդես է գալիս ռումինական «Ռապիդում»: Վերջինս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային պաշտոնապես տեղեկացրել է, որ Քարամյանը վնասվածքի պատճառով ի վիճակի չէ մասնակցել այս հանդիպմանը: Արտավազդ Քարամյանը վերջին անգամ Հայաստանի հավաքականում հանդես է եկել այս տարվա մարտին` Անդորրայի հետ Երեւանում կայացած խաղում, իսկ նրա երկվորյակ եղբայր Արմանը արդեն երկար ժամանակ է ընդհանրապես չի հրավիրվում հավաքական:

Հայաստանի հավաքականը արդեն 3-րդ անգամ է ժամանում Անդորրա, որի բնակչությունը մոտ 60 հազար է: Նախորդ 2 խաղերում Հայաստանը հաղթել է 3:0 եւ 2:0 հաշիվներով: Այս խաղում հաղթելու դեպքում մեր թիմը ընտրական 1-ին խմբում վերջին 7-րդ հորիզոնականից կբարձրանա 6-րդ տեղ:

Իսկ առաջին տեղը ապահովել է Հոլանդիայի հավաքականը, որը Պրահայում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Չեխիայի հավաքականի դարպասը: 2-րդ տեղը առայժմ զբաղեցնում է Ռումինիայի ընտրանին, որը նույնպես հյուրընկալվելիս 1:0 հաշվով պարտության մատնեց Ֆինլանդիային:

Վերջին տուրում բացի Անդորրա - Հայաստան հանդիպումից կկայանան նաեւ Հոլանդիա - Մակեդոնիա եւ Ֆինլանդիա - Չեխիա մրցավեճերը:

1-ին խումբ

Խ Մ

Հոլանդիա 11 31

Ռումինիա 12 25

Չեխիա 11 24

Ֆինլանդիա 11 16

Մակեդոնիա 11 8

Անդորրա 11 5

Հայաստան 11 4