Անգամ ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսության ՀՆԱ-ն աճ է ապահովել (տեսանյութ)
Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է նախորդ տարվա Համախառն ներքին արդյունքի ցուցանիշները: Ըստ այդմ, 2014 թվականի առաջին կիսամյակում ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 1, 702, 491 մլն դրամ, ինչը 2013-ի համեմատ աճել է 4,8 տոկոսով: «Արտադրական և արդյունաբերական ոլորտներում աճ է գրանցվել: Արտահանումն ապահովել է 10 տոկոս տնտեսական աճ, իսկ ծառայությունների ոլորտը՝ 6 տոկոս»,-հայտնել է ԱՎԾ մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժնի պետ Լուսյա Խաչատրյանը: ՀՆԱ-ի աճին չեն նպաստել մի քանի ոլորտներ, այդ թվում՝ արդյունաբերությունը, կրթությունը և առողջապահությունը: Շինարարության ոլորտում ևս անկում կա: Ընդհանուր առմամբ, վերջին 5 տարիներին ՀՆԱ-ի բարձր ցուցանիշ են ապահովել գյուղատնտեսությունը, տրանսպորտը, առևտուրը, արդյունաբերությունը, իսկ կայուն ցածր ցուցանիշ արտահայտված է ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և մշակման դեպքում: «Անգամ ճգնաժամի շրջանում գյուղատնտեսությունն աճ է գրանցել»,-շեշտել է տիկին Խաչատրյանը: Եթե ՀՆԱ-ի բացարձակ արժեքով 2013-ին մեր երկիրը տասնյակ երկրների շարքում նվազագույն ցուցանիշներից մեկն ուներ, ապա պատկերն այլ է, երբ ՀՆԱ-ն դիտարկվում է մեկ շնչի հաշվով, որն ավելի ճշգրիտ տեղեկատվություն է տնտեսությունը գնահատելու համար: Հիմք ընդունելով Համաշխարհային բանկի տվյալները՝ կարելի է ասել, որ տվյալ ցուցանիշով մեր երկիրը զիջում է միայն Վրաստանին՝ 97 դոլարով: