Վարդան Պետրոսյանին դատող դատավորը հայտնի է
Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին կդատի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը։ Նա նախագահող դատավորն է, իսկ մյուս երկու դատավորները կլինեն Մհեր Արղամանյանը եւ Արարատ Պետրոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Վթարը տեղի է ունեցել 2013 թ հոկտեմբերի 20-ին՝ Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր էր ճանաչել Վարդան Պետրոսյանին՝ դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանի կայացրած վճռի հետ տուժող կողմը համաձայն չէր։ Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը ներկայացված բողոքով պահանջում է դերասան Վարդան Պետրոսյանին դատապարտել առնվազն 6 տարվա ազատազրկման, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով։