Հայաստանի տնտեսությունում ֆորսմաժորային իրավիճակ է. գործարար (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանի կարծիքով` այսօր ֆորսմաժորային իրավիճակ է տնտեսությունում. «Բիզնեսն ա կրճատվել, արտադրությունն ա կրճատվել, արտահանումն ա կրճատվել, ներմուծումն ա կրճատվել։ Բնական է, որ հարկերն էլ կպակասեն»,-ասում է Ալեքսան Պետրոսյանը։ Այս պատգամավորը գյուղատնտեսական ապրանքների մթերումներով զբաղվող արտադրություն ունի։ Նրա արտադրած պահածոներն ու խմիչքները հիմնականում արտահանվում են, սակայն այլեւս մրցունակ չեն. «Եվրոպայում եվրոն արժեզրկվեց 40 տոկոս, Ռուսաստանում ռուբլին արժեզրկվեց 100 տոկոս, բերեցին հայկական ապրանքներն անմրցունակ սարքեցին»։ Ի՞նչ պետք է անի մեր Ազգային Ժողովը։ Պատգամավորն ասում է, որ Ազգային Ժողովը ոչինչ անել չի կարող։ Գործ անողը կառավարությունն է, որը երկու-երեք ամսում կարող է իրավիճակ փոխել. «Պետք է ռեալ դրամը արտացոլի արտադրության կուրսը, իմ կարծիքով 800 դրամը մի դոլար է»։ Վարկերը, դրամական բոլոր ռեսուրսները պետք է վերաձեւակերպվեն հայկական դրամով։ Եվ աշխատավարձերի եւ թոշակների ինդեքսացիա պետք է արվի, քանի որ Հայաստանը 4 անգամ ավելի շատ ներմուծում է, քան՝ արտահանում. «Ես իմ մեջ չեմ հավատում, որ կգա մի ժամանակ, որ Ռուսաստանում ռուբլու կուրսը նորից կլինի 30, իսկ դոլար 40 ցենտ դոլարը մի եվրո, իսկ տվյալ պայմաններում, երբ որ շարունակվելու ա այսպես, մեր ապրանքը անմրցունակ ա գնային վիճակով, այսինքն, ոչ մեկին պետք չի»։ Ըստ Ալեքսան Պետրոսյանի, ապրանքի հայկական լինելն ինքնին ապրանքանշան չէ, այն պետք է լինի էժան, մասնավորապես ռուս սպառողի համար. «Նույնատիպ ապրանքը Ռուսաստանում մյուս երկրներից որ բերում են, երկու անգամ ավելի էժան է, նույն ապրանքին ոչ ոք պատրաստ չէ երկու անգամ ավելի թանկ վճարի, եթե սա հայկական է։ է, հայկական է, ի՞նչ ա եղել»։