Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանգուցյալի համար մեկ է, թե իրեն ոնց կհուղարկավորեն. Արագած Ախոյան (տեսանյութ)

Հասարակություն
img_567

Դիակիզո՞ւմ, թե՞ օրեցօր ավելացող ու ավելի մեծ տարածքներ զբաղեցնող գերեզմանատներ: Հայ օրենսդիրները զուգահեռ քննարկում են ՕԵԿ խմբակցության եւ Կառավարության ներկայացրած նախագծերը, որոնցով կարգավորվելու են գերեզմանատների եւ դիակիզարանների խնդիրները: ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանի կարծիքով` շքեղ գերեզմանատների կառուցումը ավելորդ գումարների վատնում է. «Ընտանիքներ կան, որոնք գտնվելով ծայրաստիճան սոցիալական անապահովության եզրին, որպեսզի չքննադատվեն հանրության կողմից, ամեն ինչ անում են, վաճառում են նույնիսկ վերջին ածան հավը, որպեսզի սարքեն գերեզմանատունը, որպեսզի հետ չմնան մյուսներից: Ես կարծում եմ, որ դա սխալ է»: ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանի կարծիքով՝ «Կարելի է ուղղակի պետական միջամտության, ինչպես նաեւ` քարոզչության արդյունքում հասնել նրան, որ գերեզմանատներն առավելագույնս լինեն համեստ, տապանաքարով, փոքրիկ հուշաքարով կամ փոքրիկ խաչքարով»: Ըստ Արագած Ախոյանի` այդ գումարները ծախսելու ավելի հարմար տեղ կա. «Ես գիտեմ գերեզմանոց, որ մի քանի հարյուր դոլար արժե: Միգուցե դրա փոխարեն, ասենք, ինչ-որ դպրոց, մշակույթի տուն, կամ ինչ-որ մի հատ ընդհանուր ցավի հուշարձան կամ հոգեկոչման հուշարձան դնեին եւ ոգեկոչեին»: Օրինագծերով, որոնք ԱԺ-ն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ, կարգավորվում է հանգուցյալի աճյունի դիակիզման եւ այն սափորի մեջ ամփոփելու հարցը։ Ըստ Արագած Ախոյանի՝ «դա նախընտրության վրա է: Հանգուցյալի համար մեկ է, թե իրեն ոնց կհուղարկավորեն` սափորով, թե այլ կերպ: Այստեղ մնում է հոգեբանական պատրաստվածությունը: Կարծում եմ, որ հոգեբաններն էլ լուրջ անելիքներ ունեն` հանրային միջոցառումների արդյունքում, որտեղ կծնվի ճշմարտությունը»: Շիրակ Թորոսյանը նկատում է. «ՌԴ-ում մենք բոլորս գիտենք Խորհրդային տարիներին ինչպես էին խորհրդային առաջնորդներին հուղարկավորում հենց դիակիզումից հետո սափորով հենց Կրեմլի պատի մեջ: Այնպես որ, դա նորություն չէ եւ հակաքրիստոնեական չէ, սա ուղղակի ազգային մենթալիտետի խնդիր է»: ՕԵԿ-ի նախագծում, մասնավորապես, առաջարկվում էր ստեղծել մասնավոր, պայմանագրային հիմունքներով, վճարովի գերեզմանատուն: Այսպես կոչված` էլիտար գերեզմանատներին Շիրակ Թորոսյանը դեմ է. «Չեմ կարծում, որ արժի, ի վերջո մարդիկ ծնվում են հավասար, եւ մեռնելուց բոլորը հավասարվում են: Դա կարող է նմանվել եգիպտական փարավոնների գերեզմաններին, որտեղ ստրուկներին, թանկարժեք գործիքներ, իրեր, նույնիսկ հայտնաբերվել է կատվի մումիա, որը փարավոնի սիրելի կատուն է եղել եւ մումիա են դարձրել, փարավոնի հետ դրել»: Իսկ Կառավարության նախագծում մասնավոր գերեզմանատների հետ կապված նաեւ նշված է` պայմանագրի ժամկետը չերկարացվելու դեպքում մասնավոր գերեզմանոցում ամփոփված աճյունը դիակիզվելու է եւ աճյունասափորով անժամկետ պահվելու է հուշապատում: Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը մեզ հետ հեռախոսազրույցում եւս մեկ անգամ հիշեցրեց` հայ եկեղեցին դեմ է դիակիզմանը, սակայն չգիտի` իրեն որպես ժողովրդավարական երկիր հռչակած ՀՀ-ն ականջալուր կլինի՞ եկեղեցուն: