Միքայել Մելքումյանը դժգոհ է Ռոբերտ Նազարյանի կառույցի թոփ մենեջմենթից (տեսանյութ)
ԱԺ-ում Գազի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մանրակրկիտ սկսեց ներկայացնել թվեր, փաստեր, որոնք վերաբերում են գազամատակարարման ոլորտին ու եղած կորուստներին: Դահլիճում ներկա պատգամավորներն այդ ընթացքում միմյանց հետ զրուցում, քննարկում էին: Պարոն Մանուկյանը ԱԺ նախագահին կոչ արեց կարգուկանոն հաստատել: Արամ Մանուկյանի ելույթի ժամանակը լրացել էր, սակայն Գալուստ Սահակյանը հապաղում էր անջատել նրա խոսափողը: «Ախր, դուք էլ պետք է հասկանանք, որ այն, ինչ ներկայացնում եմ, շատ կարեւոր է ու ձեզ համար էլ, պարոն Սահակյան, պետք է որ շատ հետաքրքիր լինի իմանալ»,- նկատեց Արամ Մանուկյանը: «Էնքան լավն է, որ ինքնամոռացության մեջ ընկա»,- փորձեց կատակել Գալուստ Սահակյանը: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր ելույթում հայտարարեց, որ այն նպատակով, որ ստեղծվել էր Գազի հանձնաժողովը, իրեն չի արդարացրել եւ իզուր, որ ստեղծվել է. «Ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ այն հաշվիչները, որոնք նախատեսված են սպառողների համար, բացարձակ գազի ճշգրիտ չափ որոշելու ունակություն չունեն: Ըստ այդմ Գազի հանձնաժողովն իր լիազորությունները չի օգտագործել՝ դա ճշտելու համար, ու այս խնդիրները վեր հանելու ու պարզելու: Այսքանից հետո բոլորը միայն մի եզրակացության եկան՝ այս հանձնաժողովը, ժողովրդի լեզվով ասած, ծածկադմբոց արեց: Սա խայտառակություն է»: Նրա ելույթը բարկացրեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին. «Մեծածավալ աշխատանք է արվել ու դեռ չի էլ ավարտվել: Այդ ձեզ է թվում, որ ծածկադմբոց է, ու կխնդրեմ՝ ձեր գործընկերների գործունեությանը հարգանքով վերաբերվել: Երեկ էլ մեկը այստեղից յուղ վառելուց էր խոսում: Երեկ, պարոն Սահակյան, ասացինք, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկա լինի այս քննարկմանը, քանի որ խիստ քննադատության եմ ենթարկելու իր ղեկավարած կառույցը ու իրենց թոփ մենեջմենթից: Իմ ելույթում կխոսեմ կորուստներից ու ասեմ, որ օդից սակագին չի ձեւավորվում, կա հստակ բանաձեւ, մեթոդաբանություն»: