Հինգ տարբեր մեդալներ՝ Բելառուսից
Հայաստանի բռնցքամարտիկները երկու մեդալ են նվաճել Մինսկում կայացած Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լիվենցեւի միջազգային հուշամրցաշարում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Նարեկ Աբգարյանը 52 կգ քաշային կարգում հասել է եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցչին եւ բավարարվել արծաթե մեդալով: 64 կգ քաշային Արա Պուլուզյանը չի կարողացել հաղթահարել կիսաեզրափակիչ փուլի արգելքը եւ գրավել է 3-րդ տեղը: Բելառուսի մայրաքաղաքում միաժամանակ կայացած «Հաղթանակ գավաթ» հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, մեր երիտասարդական հավաքականը նվաճել է երեք մեդալ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 50 կգ Նորիկ Հախոյանը գրավել է 2-րդ տեղը, իսկ 60 կգ քաշային Տարոն Դումոյանը 120 կգ քաշային Էդգար Խաչատրյանը նվաճել են բրոնզե մեդալներ: