ԳՅՈՒՄՐԻՈՒՄ 15000 ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրիի տարածքային ստորաբաժանումում ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացը սկսվել էր դեռեւս 2 տարի առաջ: Սակայն Գյումրիում առկա ինքնակամ եւ ապօրինի շինությունների գերակշիռ մասը նախանշված ժամանակահատվածում չօրինականացվեց, քաղաքում դեռեւս 15000 ապօրինի շինություններ կան:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրիի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ավետիք Պապոյանի խոսքերով, դրանցից 4000-ը լրիվ անօրինական կառույցներ են, 2000-ը՝ բազմաբնակարան շենքերին կից պատշգամբներ, ավելացված մասեր, մնացածը՝ օրինական շինության կողքից համայնքապատկան հողի վրա կառուցված անօրինական շինություններ:
Բնակիչների մեծ մասը գումարների բացակայության պատճառով պարզապես չդիմեց պատկան մարմիններին այդ շինությունների համար օրինական փաստաթղթեր ձեռք բերելու: Օրինակ` ապօրինի շինության մեկ քառակուսի մետրը օրինականացնելու համար բնակիչը պետք է վճարեր 1000, օժանդակ ինքնակամ շինության 1քռ մ-ի համար` 500 դրամ:
Այսօր այլեւս ուժի մեջ չէ ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին օրենքը: Ու թե ինչ ճակատագիր կունենան այն ինքնակամ շինությունները, որոնց տերերը չեն հասցրել օրինականացնել դրանք, դեռեւս պարզ չէ: Նյութը տրամադրել են Գյումրիի մեր գործընկերները։