Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք Հայաստանը կհետեւի Կապո Վերդեի օրինակին

Սպորտ
sp

Խորհրդային Միության ֆուտբոլի չեմպիոն Հովհաննես Զանազանյանը «Արարատ-73»-ի հաջողություններին բացատրություն տալու համար բավական հետաքրքիր տեսակետ հայտնեց մեր հետ զրույցի ժամանակ. «Մենք տարիների ընթացքում տիրապետեցինք սեփական դաշտում չպարտվելու արվեստին, հատկապես ուժեղ թիմերի հետ խաղերում: Դրանից հետո ավելի վստահ էինք մեզ զգում նաեւ մրցակիցների հարկի տակ» ,- ասել է մեր լեգենդար թիմի լեգենդար ավագը: Ավաղ, Հայաստանի անկախացումից հետո մեր ֆուտբոլային թիմերը, այդ թվում ազգային հավաքականը, դեռեւս չեն տիրապետում այդ արվեստին: Զարմանալի չէ, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան – Պորտուգալիա խաղից առաջ բուքմեյքերները համարյա չեն հավատում դաշտի տերերի հաղթանակին՝ 6,75-8,70 գործակից: Դա, ինքնին, գալիս է Հայաստանի հավաքականի տնային խաղերի վիճակագրությունից: Վերջին երկու տարում մեր ընտրանին սեփական հարկի տակ անցկացրել է 9 հանդիպում, որոնցից 6-ում զիջել է մրցակցին, մեկն ավարտել ոչ-ոքի եւ միայն երկուսում ճաշակել հաղթանակի բերկրանքը: Այդպիսի արդյունքը, բնականաբար, չի կարող դառնալ հաջողության գրավական: Հարկ է նշել, որ Պորտուգալիայի հավաքականն այն մրցակիցներից է, որի դեմ մեր ընտրանին նախկինում անհամեմատ հաջող է խաղացել սեփական դաշտում՝ երկու ոչ-ոքի (0:0, 1:1): Հուսանք, որ հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներն այսօր կշարունակեն այդ ավանդույթը: Հայաստան – Պորտուգալիա հանդիպումն անչափ կարեւոր նշանակություն ունի հենց մեր ընտրանու համար: Հաղթանակի դեպքում մենք նախ կշարունակենք պայքարը Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Սակայն ամենակարեւորն այն է, որ Հայաստանի հավաքականը կբարելավի իր վարկանիշը եւ հուլիսին կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանության ժամանակ կընդգրկվի 4-րդ, այլ ոչ թե 5-րդ զամբյուղում, իսկ դա նշանակում է, որ մեզ բաժին կհասնի երեք բարդ մրցակից՝ չորսի փոխարեն: Հիշենք աշխարհի 2014թ աշխարհի առաջնության վիճակահանությունը՝ Իտալիա, Չեխիա, Դանիա, Բուլղարիա, Հայաստան, Մալթա: Եվ վերջինը: Մեր ընտրանին այսօր կանցկացնի իր առաջին խաղը նորանշանակ մարզիչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ: Ինչպես ասում են, հաջող սկիզբը գործի կեսն է: Պորտուգալիայի հավաքականը, ինչ խոսք, կարգով բարձր է մեր թիմից, սակայն անպարտելի չէ: Հիշենք, թեկուզ, պորտուգալացիների վերջին խաղը, որում նրանք 0:2 հաշվով պարտվել են Կապո Վերդեի ազգային թիմին: Մեզանից ո՞վ պատկերացում ունի Կապո Վերդեի եւ այդ երկրի հավաքականի մասին: Բնականաբար՝ ոչ մեկը: Սակայն այդ խաղը հուշում է, որ որքան մեծ է հաղթելու ցանկությունը, այնքան մեծ է դրան հասնելու հնարավորությունը: