Միհրան Հարությունյանը մեդալ կնվաճի Բաքվի խաղերում
Հայաստանի հունահռոմեական ոճի երկու ըմբիշներ այսօր կվիճարկեն Բաքվում անցկացվող Եվրոպայի առաջին մարզական խաղերի մեդալներ: Մեր 66 կգ քաշային ըմբիշ Միհրան Հարությունյանը հաղթահարելով նախնական բոլոր արգելքները մտավ եզրափակիչ, ընդ որում վերջին մրցամարտում նա կամային հաղթանակ տարավ ադրբեջանցի Հասան Ալիեւի նկատմամբ՝ 8:5: Դա նշանակում է, որ մեր մարզիկը միանշանակ մեդալ կնվաճի Բաքվում: Եզրափակիչ մրցամարտում Միհրան Հարությունյանը ուժերը կչափի ռուսաստանցի Արտյոմ Սուրկովի հետ: Այսօր մրցագորգ մտած մեր մյուս ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը 85 կգ քաշային կարգում հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց ուկրաինացի Ժան Բելենյուկին: Ի դեպ, նա 1/8 եզրափակիչում պայքարից դուրս բերեց կրկին Ադրբեջանի ներկայացուցչին: Երրորդ տեղի համար մրցամարտում Մաքսիմ Մանուկյանը ուժերը կչափի թուրք ըմբիշ Մեթեհան Բաշարի հետ: Նշենք, որ մեր 75 կգ քաշային ըմբիշ Կարապետ Չալյանը արդեն առաջին մրցամարտում 0:8 հաշվով պարտվեց դանիացի Մարկ Մադսենին եւ դուրս մնաց պայքարից: