«Նաիրիտ»-ի աշխատակիցները հավատում են չհավատալով
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավատում են իրենց աշխատավարձերի վճարմանը «կիսաչհավատալով». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նաիրիտ»-ի նախաձեռնող խմբի անդամ Անուշ Հարությունյանը; Նրա խոսքերով՝ աշխատավարձի վճարման հարցում անվստահություն կա, քանի որ նախորդ տարվա վերջին կրկին խոստում էր տրվել նախարարի մակարդակով, սակայն չի կատարվել: Այս դեպքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է, որ մինչեւ հուլիս ամսվա 15-ը պետք է մարվի նաիրիտցիների ողջ պարտքը: Քիմիական երբեմնի հսկա «Նաիրիտ» գործարանի մոտ 1700 աշխատակիցներն այս տարվա փետրվարի 6-ից առանց վերջնահաշվարկի ազատվել են աշխատանքից: Գործարանը նաիրիտցիներին 18-ից մինչեւ 24 ամսվա աշխատավարձ է պարտք: 6 ամիսների ընթացքում նրանք բազմաթիվ բողոքի ակցիաներ կազմակերպեցին՝ աշխատավարձերի վճարման եւ գործարանի վերագործարկման պահանջով: Անուշ Հարությունյանին զարմացրել է գործարանի վերագործարկման հետ կապված վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերը, երբ աշխատողներին ասել է գտեք ներդրող եւ ես կընդառաջեմ. «Դա լուրջ չէ, եթե շահագրգռված են, որ երկրում լինի տնտեսություն, ուրեմն ներդրող պետք գտնել»,- եզրափակեց նա: Նաիրիտցիներն առայժմ դադարեցրել են իրենց բողոքի ակցիաները, սակայն այսօր մասնակցելու են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպվող բողոքի ակցիային: