Հունիսի 23-ը հիշեցրել է մարտի 1-ը (տեսանյութ)
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ հունիսի 23-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններն իրենց ծավալով չէին զիջում 2008-ի մարտի 1-ին հետապնդումներին։ Նա այստեղ տեսնում է հատկապես մեկ վտանգավոր երևույթ։ «Այն պետական մարմինները, մասնավորապես ուժային, իրավապահ մարմինները, որոնք պետք է ապահովեն լրագրողի գործունեության անվտանգությունը, նրանք հենց իրենք են դառնում վտանգի աղբյուր»,- նշում է պարոն Մելիքյանը։ Արդյո՞ք հնարավոր է բացառել լրագրողների նկատմամբ բռնությունները այսպիսի լարված իրավիճակներում նույնիսկ տարբերանշանների առկայությամբ։ Փորձագետը պատասխանում է. «Ոստկանները, տեսնելով, որ գործ ունեն լրագրողի հետ կամ լրագրողը ինքը ներկայանալով կոնկրետ լրատվամիջոցից, կամ ներկանայացնելով իր վկայականը, չէր կարողանում պաշտպանություն ստանալ» Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը պնդում է, որ լրագրողները պետք է հետևողական լինեն խախտված իրավունքները վերականգնելու հարցում։ Ըստ նրա՝ առկա են համապատասխան իրավական մեխանիզմներ։ «Եթե նրանք համախմբված գործեն և դիմեն դատարաններին ու միաժամանակ միջազգային կառույցներին, նաև մարդու իրավունքների կոմիտե ներկայացնեն դիմումներ, ապա մի որոշակի ժամանակ հետո դա կտա իր օգուտը, համենայն դեպս դա կարող է ոստիկանության գործողության վրա սառեցնող ազդեցություն ունենալ Մասնագետի դիտարկմամբ՝ վերջին տարիներին նվազում էին դեպքերը. երբ ոստիկանությունը արգելված միջոցներ էր կիրառում, սակայն հունիսի 23-ը այլ բան ցույց տվեց։ Արա Ղազարյանը նշում է. «Ուժի կիրառման այն եղանակը, որ ոստիկանությունը արեց ոչ միայն համաչափ չէ, այլև քողարկված պատժողական քաղաքականություն էր վարում, այսինքն՝ համակարգային խնդիր ունի ոստիկանությունը» Նշենք, որ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» տվյալներով՝ 6 ամսվա ընթացքում գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 19 դեպք։ Այս ցուցանիշը 2 անգամ գերազանցում է 2014 թվականին գրանցված բռնությունների քանակը։