Սահմանադրական փոփոխությունների գործընթացը Հայաստանում եւ Վրաստանի փորձը (տեսանյութ)
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոն նախագծի նախաձեռնությամբ հուլիսի 24-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը Հայաստանում եւ Վրաստանի փորձը» խորագրով քննարկում : Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել էր Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը, ինչը բուռն քննարկումների և մեկնաբանությունների առիթ դարձավ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ հանրության շրջանում փորձագետների կողմից: Ըստ ներկայացված նախագծի՝ Հայաստանում կառավարման ձևաչափը պետք է փոխվի և կիսանախագահականից դառնա խորհրդարանական ձևաչափի: Ազգային ժողովը կազմվելու է առնվազն 101 պատգամավորից: ԱԺ-ն ընտրվելու է համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով, ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածությունը: Նախագծով առաջարկվում է, որպեսզի նախագահն ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Այս փոփոխությունները պետք է հաստատվեն հանրաքվեի միջոցով: Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանը վերջին տարիներին կառավարման համակարգի բարեփոխումների միջոցով, արդեն անցում է կատարել նախագահական հանրապետության ձևաչափից խառը խորհրդարանական համակարգի: Այս թեմայի շուրջ վաղը «Մեդիա կենտրոնում» անցկացվող քննարկմանը կմասնակցեն փորձագետներ Հայաստանից և Վրաստանից: Քննարկման բանախոսներն են՝ Արա Ղազարյան, միջազգային իրավունքի փորձագետ Հովհաննես Գալստյան, Հանրային քաղաքականության, վերլուծության և երկխոսության ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Գեորգի Գոցիրիձե, Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փորձագետ (տեսազանգի միջոցով):