Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես Գասպարին պառկել է Մաքսային ծառայության տնօրենի սենյակի մոտ

Տնտեսություն
57e8663af1da1ef55e6db9dcc18f28c9

Քչերը գիտեն, որ ակտիվիստ Վարդգես Գասպարին նաև ձեռներեց է։ Նա ավտոմատիկայի սարքավորումներ ներմուծող և իրացնող VAL Automation ընկերության տնօրենն է։ Վերջերս Գասպարին խնդրի առջև է կանգնել. «Թայվանից ներկրել եմ հեռակառավարման վահանակ, բայց ԱԱԾ-ն չի թույլատրում, որ վերցնեմ այն»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմեց նա։ Ասում է՝ խնդիրը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունն է։ «Ինչ մտել ենք էդ կառույցը, բոլոր կոդերով ապրանքների ներմուծման համար ԱԱԾ-ի թույլտվությունն է պետք։ Դա աբսուրդ է»։ Օգոստոսի 14-ին Գասպարին դիմել է ծառայությանը՝ թույլտվություն ստանալու, սակայն, ասել են՝ 15 օրից։ «Արհեստականորեն երկարաձգում են»,-վստահ է նա։ Սակայն ձեռներեցը շարունակելու է պայքարը։ Այսօր առավոտյան նա գնացել է Մաքսային ծառայություն, դարձյալ չբավարարող պատասխան է ստացել և որպես ընդվզում պառկել տնօրենի սենյակի առջև։ «Ես պառկեցի այնտեղ, քիչ հետո ոստիկաններ եկան, փորձում էին համոզել, որ վեր կենամ։ Աշխատակիցն ասաց, որ իրենք խոսել են ԱԱԾ-ի հետ, և ես կարող եմ գնալ ու դիմում ներկայացնել. մեկ ժամում թույլտվությունը կլինի»։ Պարոն Գասպարին գնացել է ԱԱԾ, լրացրել դիմումը։ «Սակայն ես չեմ հավատում, թե խնդիրը կլուծվի»։ Ի դեպ, մեկ ժամն արդեն լրացել է, ու ոչ մի նորություն։ Նա նաև նշեց, թե երեք օր առաջ առցանց դիմում է ներկայացրել ԱԱԾ, սակայն այսօր այնտեղ պնդել են, թե դիմում չկա, պետք է նորից լրացնել։ «Ես տվեցի փաստաթղթերի օրինակը, սակայն այնտեղ որևէ ստորագրություն չկա, չասացին, թե որ համարի տակ են գրանցում ինձ։ Ստացական չտվեցին։ Այսինքն, իրավապահների մոտ հանցագործի հոգեբանություն է գործում»,-եզրակացնում է պարոն Գասպարին։ Ավելի ուշ նրան տվել են ստացական, երբ սպառնացել է ԱԱԾ-ի մոտ ակցիա անել։