Սերբիա –Հայաստան հանդիպումը կանցնի փակ դռների հետեւում
Ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Սերբիա – Հայաստան հանդիպումը, ինչպես հայտնի է, կանցկացվի առանց հանդիսականների: Անցած տարի Սերբիա – Ալբանիա ընտրական խաղը անավարտ էր մնացել երկու երկրների ֆուտբոլիստների միջեւ ծագած տարաձայնությունների եւ հանդիսականների անվայել պահվածքի համար: ՈՒԵՖԱ-ն այդ կապակցությամբ մի քանի պատժամիջոցներ կայացրեց, որոնցից մեկը պարտադրում է Սերբիային տնային առաջիկա խաղերն անցկացնել առանց հանդիսականների: Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ կխաղա փակ դռների ներքո: Ուղիղ 20 տարի առաջ, սեպտեմբերի 6-ին, մեր ազգային թիմը Եվրոպայի 1996 թվականի առաջնության ընտրական փուլում պետք է Սկոպիեյում հանդիպեր Մակեդոնիայի ընտրանու հետ: Խաղից մի քանի շաբաթ առաջ հայտնի էր դարձել, որ խաղը կայանալու է առանց հանդիսականների, քանի որ ՈՒԵՖԱ-ն պատժել էր մակեդոնացիներին նախորդ տնային խաղում երկրպագուների անվայել պահվածքի համար: Ի դեպ, Հայաստանի հավաքականն այդ խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել: Դա մեր ֆուտբոլիստների առաջին հաջողությունն էր պաշտոնական մրցումներում: Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի Սերբիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա այսօր, Նովի Սադ քաղաքի մարզադաշտում: Հարկ է նշել, որ բուքմեյքերային գրասենյակները հանդիպման բացահայտ ֆավորիտ են համարում դաշտի տերերի հավաքականին, որի հաղթանակը վեց անգամ բարձր են գնահատում Հայաստանի ընտրանու հաջողության համեմատ: