Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստամբուլի ստադիոնում մշտապես փակցված է «Բարի գալուստ դժոխք» պաստառը

Սպորտ
chempion

Այսօր եվրոպական ութ քաղաքներում նույն ժամին կսկսեն ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի նոր մրցաշարի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները: «Ա» խմբում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն իր հարկի տակ կընդունի Շվեդիայի չեմպիոն «Մալմյոյին», իսկ Մադրիդում տեղի «Ռեալը» կհյուրընկալի Դոնեցկի «Շախտյորին»: Վերջինս արդեն յուրահատուկ ռեկորդ է սահմանել այս խաղարկությունում՝ հայտավորելով 9 բրազիլացի ֆուտբոլիստ, ավելի շատ, քան խմբի մյուս երեք թիմերը միասին վերցրած: «Բ» խմբում գերմանական «Վոլֆսբուրգը» սեփական դաշտում ուժերը կչափի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Հինգ տարի առաջ թիմերն արդեն հանդիպել են նույն փուլում եւ տարել են մեկական հաղթանակ: Հոլանդիայի չեմպիոն ՊՍՎ-ի այսօրվա մրցակիցը կլինի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: «Ց» խմբում լուրջ փորձություններ են սպասում Մադրիդի «Աթլետիկոյին» ու մրցաշարի նորեկ, ղազախական «Աստանային»: Առաջինը Ստամբուլում կհանդիպի տեղի «Գալաթասարային», որի ստադիոնում մշտապես փակցված է «Բարի գալուստ դժոխք» պաստառ: «Աստանան» իր նորամուտը կնշի Լիսաբոնում, որտեղ նրան անհամբերությամբ սպասում են «Բենֆիկայի» «արծիվները»: «Դ» խմբում կկայանա տուրի կենտրոնական խաղերից մեկը: Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» իր դաշտում կընդունի Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսին»: Թիմերի նախորդ երկու հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի: Այս խմբի երկրորդ խաղում իսպանական «Սեւիլյան» իր հարկի տակ կընդունի գերմանական «Բորուսիային», բայց ոչ Դորտմունդի, որտեղ հանդես է գալիս մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, այլ՝ Մյոնխենգլադբախի: