«Բարսելոնան» իր տիտղոսի պաշտպանությունը կսկսի Հռոմում
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում այսօր տեղի կունենան խմբային փուլի առաջին տուրի մնացած 8 հանդիպումները: Անցած մրցաշարի հաղթող «Բարսելոնան» իր տիտղոսի պաշտպանությունը կսկսի Հռոմում, տեղի «Ռոմայի» հետ խաղով: Կատալոնցիները 26-րդ անգամ են մասնակցում մրցաշարին: Խմբի մյուս թիմերն իրար հետ միասին 25 մասնակցություն ունեն: Նրանցից գերմանական «Բայերն» այսօր կընդունի բելառուսական ԲԱՏԷ-ին: Ընտրական F խմբում ամենափորձառու ակումբը հունական «Օլիմպիակոսն» է, որը 30-րդ անգամ կպայքարի չեմպիոնների գավաթի համար: Այսօր պիրենեյցիները սեփական դաշտում կհյուրընկալեն Մյունխենի «Բավարիային», որը արդեն 5 անգամ տիրել է սույն մրցանակին: Մյուս խաղում Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի «Դինամոն» կհանդիպի Լոնդոնի «Արսենալի» հետ, որը Անգլիայի բրոնզե մեդալակիրն է: G խմբում հանդես են գալիս երեք երկրների չեմպիոններ` Լոնդոնի «Չելսին», Թել Ավիվի «Մաքաբին» եւ Կիեւի «Դինամոն»: Այսօր Անգլիայի մայրաքաղաքում միմյանց հետ կհանդիպեն այդ երկրի եւ Իսրայելի առաջատարները: Իսկ ահա Կիեւի դինամոյականները սեփական դաշտում կընդունեն Պորտուգալիայի փոխչեմպիոն «Պորտուին»: Այս խմբում ամենափորձառուն «Չելսին» է, որը միայն մեկ անգամ չի կարողացել հաղթահարել չեմպիոնների լիգայի խմբային փուլը: H խմբում ընդգրկված ակումբներից միայն «Վալենսիան» է նախկինում հասել լիգայի եզրափակիչ, իսկ ահա Ռուսաստանի «Զենիթը» եւ ֆրանսիական «Լիոնը» լուրջ հաջողության չեն հասել մրցաշարում: Բելգիական «Գենտն» առաջին անգամ է փորձելու իր ուժերը չեմպիոնների լիգայում: Այսօր Ռուսաստանի չեմպիոնը կհյուրընկալվի իսպանացիներին, իսկ բելգիացիները կընդունեն հարեւան ֆրանսիացիներին: Հայաստանի ակումբները նախկինում հանդիպել են վերը նշված 16 թիմերից միայն 5-ի հետ: Դրանք են Կիեւի եւ Զագրեբի «Դինամոն», «Բավարիան», «Զենիթը» եւ ԲԱՏԷ-ն: