Սերժ Սարգսյանի ելույթի երանգները (տեսանյութ)
Բռնությունները գործիք դարձրած Ադրբեջանն սկսել է խոշոր տրամաչափի հրետանի կիրառել Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի Հանրապետության սահմանները կրակի տակ պահելու համար, Հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում: Ըստ նրա՝ Հայաստանը կդիմի համապատասխան քայլերի: «ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարհող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում, Հայաստանին այլ ընտրություն չի մնում, մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլեր՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»: Չնայած Սերժ Սարգսյանի ելույթը լավ գրված տեքստ էր, սակայն այն ընթերցվեց կիսադատարկ լսարանի առջև: «Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի գնահատմամբ՝ շեշտադրումներն էլ մեծ խնդիրներ լուծելու նպատակ չէին կարող հետապնդել: «Սերժ Սարգսյանը խոսում էր այն հզորությամբ, ինչ հզորություն ունի երկիրը: Այսինքն՝ ինքը խոսում էր միայն մեր հարցերից»: Ըստ Կարապետյանի՝ ճիշտ էր ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործելը՝ Ղարաբաղի ու Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի մասին խոսելու համար, սակայն սիրիական ճգնաժամի պայմաններում միջազգային հանրությանն այլ բան էր անհրաժեշտ լսել: «Աշխարհը հայ ազգից, բայց ոչ նրա ղեկավարությունից՝ սպասում է հենց այդ քաոսային վիճակի հետ կապված որոշակի լուծումների ալգորիթմ: Մեր ազգը երկար հազարամյակներ անցել է քաոսների միջով և ունի իր հիշողությունը դիվանագիտության մեջ օգտագործելու կարողություն»: Սերժ Սարգսյանի ելույթից քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն առանձնացնում է Ղարաբաղին ու հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հատվածները, քանի որ կարևոր էր դրանց մասին տեղեկացնել միջազգային լսարանին: Սակայն ըստ քաղաքագետի՝ այդպիսի ելույթներին պետք է հաջորդի քաղաքական գործընթացներ: «Այն ինչ որ ասվեց, դա արժեք կունենա շատ կարճաժամկետ հեռանկարում, և այդ քաղաքական օգուտը շատ արագ հօդս կցնդի, եթե դա չամրագրվի գործողություններով: Ընդ որում՝ գործողություններով ոչ միայն արտաքին քաղաքական ասպարեզում, այլև՝ երկրի ներսում»: ՄԱԿ-ի ամբիոնից Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին հիշատակեց նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ Ռուսաստանին մեղադրելով հակամարտություններ հովանավորելու մեջ: «Հարևան երկրներում ազդեցությունը պահպանելու համար Ռուսաստանը տասնամյակներով դիտավորյալ ստեղծել է անկայունության գոտի: Դրանք են՝ Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա, Ղրիմ և Դոնբաս»,- նշել է նա: Ի դեպ, ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՊԱՆ ԿԻ Մունի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: