Լեւոն Արոնյանը սեանս անցկացրեց ներառական դպրոցների աշակերտների հետ (տեսանյութ)
Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» ակցիայի շրջանակում այսօր Տ.Պետրոսյանի անվան Շախմատի տանը անցկացրեց միաժամանակյա շախմատային սեանս Երեւանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների 22 աշակերտների հետ: Այն կազմակերպեցին «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» ՀԿ-ները` Դանիայի ԱԳՆ ֆինանսական աջակցությամբ: Հարկ է նշել, որ Լեւոն Արոնյանն արդեն 6-րդ անգամ է մասնակցում այս միջոցառմանը: «Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, թե ինչու մեր մյուս շախմատիստները չեն մասնակցում նմանատիպ ակցիաների, «Հույսի կամուրջ» կազմակերպության նախագահ Զարուհի Բաթոյանն ասաց. «Մեր գործունեության առաջին երկու տարիներին մենք հրավիրել ենք մեր տարբեր գրոսմայստերներին, բայց հետո դժվար էր լինում նրանց հավաքել նույն օրը: Այդ իսկ պատճառով որոշեցինք հրավիրել միայն Լեւոն Արոնյանին: Այս տարի կրճատել ենք մասնակիցների թիվը եւ ֆորմատը, քանի որ նախորդ սեանսները բավական երկար էին տեւում` 4-5 ժամ, ինչը նպատակահարմար չէր մասնակիցների համար»: Ի դեպ, սեանսից առաջ կազմակերպված հարցազրույցի ժամանակ Լեւոն Արոնյանը կտրականապես հրաժարվեց խոսել Բաքվում կայացած աշխարհի գավաթի խաղարկության մասին, որտեղ նա բավական անհաջող էր հանդես եկել եւ արդեն երկրորդ փուլից դուրս էր մնացել: