Ֆուտբոլի ֆանատները պահանջներ են ներկայացրել Ռուբեն Հայրապետյանին
Հայկական առաջին ճակատ (FAF) ֆուտբոլի ֆանատների շարժումն այսօր պահանջներ է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: «Մեր առաջին պահանջն է հավաքական հրավիրել պրոֆեսիոնալ մարզիչ արտերկրից:Հավաքականը փորձարկումների դաշտ չէ: Հաջորդ պահանջը վերաբերում է հավաքական հրավիրվող ֆուտբոլիստներին: Մեր պահանջն է հավաքական հրավիրել Արտակ Դաշյանին, Մաուրո Գեւգեոզյանին, Դենիս Թումասյանին, Արթուր Եդիգարյանին եւ այլոց: Երրորդ` պահանջում ենք, որ Ռուբեն Հայրապետյանը վերանայի խաղերի տոմսերի գինը, որոնք շատ բարձր են` ելնելով մեր սոցիալական վիճակից», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում այդպիսի պահանջներ ներկայացրեց FAF-ի հիմնադիր նախագահ Սերգեյ Ջանջոյանը: Սակայն լրագրողների այն հարցերին՝ արդյո՞ք ՀՖՖ-ի ղեկավարությունը մեղավոր չէ մեր տարբեր հավաքականների խայտառակ ելույթների, ակումբային ֆուտբոլի ներկայիս խղճուկ վիճակի համար, ֆաների առաջնորդն ասաց. «Մենք Ալբանիայի հետ խաղում կազմակերպեցինք ակցիա եւ պահանջեցինք մարզիչ: Մեր երկրորդ գործողությունն այսօրվա մամուլի ասուլիսն է` պահանջներով ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին: Մեր երրորդ քայլը` պահանջներին տեր կանգնելն է: Դրանք չկատարելու դեպքում մենք կդիմենք այլ քայլերի, բայց չենք ցանկանում բացել փակագծերը» - եզրակացրեց ֆուտբոլի ֆանատը: