Լեւոն Արոնյանը հանգիստ չունի
Լեւոն Արոնյանը չնայած մի քանի օր առաջ է ավարտել ելույթները արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններում, սակայն արդեն վաղվանից նոր մրցաշարի կմասնակցի: Մեր առաջատար շախմատիստը Ռուսաստանի «Սիբիր» թիմի կազմում կպայքարի Եվրոպայի ակումբային գավաթի համար: Լեւոն Արոնյանի խաղընկերները կլինեն աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, կայծակնային շախմատի աշխարհի նորընծա չեմպիոն Ալեքսանդր Գրիշչուկը, չինացիներ Վան Յուեն եւ Լի Չաոն, ուկրաինացի Անտոն Կորոբովը եւ ռուսաստանցի Դմիտրի Բոչարովը: Մեր շախմատիստը հանդես կգա երկրորդ խաղատախտակի վրա: Գավաթի խաղարկությանը մասնակցում են 48 թիմ: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 7 տուրով: Կանանց նմանատիպ խաղարկությանը հայտ են ներկայացրել 12 թիմեր: Մեր շախմատիստուհիներից հանդես կգա միայն Լիլիթ Մկրտչյանը, որը ընդգրկված է ռուսական «Յուգրա» թիմի կազմում: Նա կխաղա 3-րդ համարի տակ: Խաղարկություն կանցկացվի նույն մրցակարգով, ինչպես տղամարդկանց մրցաշարը: