Հենրիխ Մխիթարյանի այցը Բաքու մտահոգել է «Գաբալայի» ֆուտբոլիստին
«Գաբալայի» բոլոր ֆուտբոլիստները, եւ տեղացիները, եւ լոգեոնականները, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Մխիթարյանը գոլ չխփի: Մենք չպետք է նրան թույլ տանք աչքի ընկնի Բաքվում» - այսօր հայտարարել է ադրբեջանական ակումբի կիսապաշտպան Սամիր Զարգարովը: Ինչպես հայտնի է, Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթայանը, Եվրոպայի լիգայում ընդգրկվել է մի խմբում, որտեղ հանդես է գալիս նաեւ «Գաբալան»: Թիմերի առաջին հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին, Բաքվում: Ադրբեջանցի ֆուտբոլիստի նման մտավախությունը ունի իր տրամաբանական հիմքը, քանի որ Հենրիխ Մխիթարյանը ներկայումս գտնվում է ֆանտաստիկ մարզավիճակում եւ բավական արդյունավետ խաղ է ցուցադրում՝ 10 գոլ 15 խաղում: Ի դեպ, Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո ադրբեջանական լրատվամիջոցները լուր տարածեցին, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ «համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ» (նկատի ունեն 2011թ դեկտեմբերին ֆուտբոլիստի բարեգործական այցը Լեռնային Ղարաբաղ - խմբ.): Սակայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Հիկմետ Գաջիևն այդ կապակցությամբ հայտարարել է, որ իրենք չեն կարող արգելք դնել հայ ֆուտբոլիստի առաջ, քանի որ նա Ադրբեջան է ժամանելու ոչ թե առանձին անձնավորություն, այլ որպես թիմի անբաժանելի անդամ: