ՈՒԵՖԱ-ն ոչնչով չի կարող օգնել Հենրիխ Մխիթարյանին
Որքան մոտենում է Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Գաբալա» - «Բորուսիա» (Դորտմունդ) հանդիպման օրը, այնքան խորանում է այդ խաղի շուրջ ծագած ճգնաժամը: Ինչպես նշում են գերմանական լրատվամիջոցները, ՈՒԵՖԱ-ն ոչնչով չի կարող օգնել «Բորուսիային»՝ կապված թիմի հայազգի խաղացող Հենրիխ Մխիթարյանի մուտքի վիզայի հետ : Միաժամանակ ֆուտբոլի եվրոպական միությունը չի կարող պատժել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիային կամ «Գաբալա» ակումբին, քանի որ մուտքի վիզան տալիս է երկրի կառավարությունը՝ ավելի կոնկրետ, արտաքին գործերի նախարարությունը: Ինչպես հաղորդում են նույն ԶԼՄ-ները, նման խաղերի ժամանակ ֆուտբոլիստների անվտանգությունն ապահովում է նրա իսկ ակումբը: Ուստի, Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը լիովին գտնվում է «Բորուսիայի» իրավասության ներքո: Զարմանալի չէ, որ գերմանական ակումբի սպորտային տնօրեն Միխայել Ցորկը նշել է, որ Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է Բաքու չմեկնի թիմի հետ: Գերմանական լրատվամիջոցները որեւէ լուծում չեն տեսնում ստեղծված իրավիճակում: Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ ինքը պատրաստվում է առաջիկա խաղին, սակայն ոչինչ չգիտի իր մուտքի վիզայի մասին: