Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաս-ռեստլինգի Եվրոպայի անդրանիկ առաջնությունը կանցկացվի Հայաստանում

Սպորտ
sport-masrestling

Հոկտեմբերի 23-25-ը Երեւանում կանցկացվի Մաս-ռեստլինգի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլը, որը միաժամանակ կլինի Եվրոպայի բաց առաջնություն: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ Մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը: Ինչպես նշեց բանախոսը, մրցաշարին սպասում են 20 երկրների 200 մարզիկ-մարզուհիների, ընդ որում 15 պետությունների ներկայացուցիչներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Իսկ ինչ է իրենից ներկայացնում Մաս-ռեստլինգը: Այն յակուտական ծագում ունեցող մարզաձեւ է: Մաս-ռեստլինգի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 2011 թվականին: Ինչպես նշեց Արտավազդ Նալբանդյանը, մինչ այժմ կայացած միջազգային մրցաշարերում հաղթել են հենց յակուտ մարզիկ-մարզուհիները, բացառությամբ անցած տարվա աշխարհի գավաթի խաղարկությունից, որի քաշային կարգերից մեկում հաղթել է ամերիկացի մարզիկ: Այդ իսկ պատճառով ֆեդերացիայի նախագահը կարծում է, որ մարզաձեւը Հայաստանում զարգացնելու համար հարկավոր է մարզիչներ հրավիրել Յակուտիայից, քանի որ միայն նրանք կկարողանան մեր մարզիկներին ծանոթացնել Մաս-ռեստլինգի տեխնիկական գաղտնիքների հետ: ՀՀ Մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահն ավելի շատ ուրախ է ոչ թե այն բանի համար, որ Հայաստանին են վստահել Եվրոպայի անդրանիկ առաջնության անցկացումը, այլ մեկ ուրիշ պատճառով: «Աշխարհի առաջնություններում եւ գավաթի խաղարկություններում բոլոր մեդալները պատրաստում է միջազգային ֆեդերացիան, որի վրա հիմնականում փոխում են տարեթվերը: Մեր խնդրանքով երեւանյան մրցաշարի մեդալների վրա պատկերված է մեր սուրբ լեռը՝ Արարատը, որի համար անձամբ շատ հպարտ եմ», - եզրափակեց Արտավազդ Նալբանդյանը: Նշենք, որ մրցումները տեղի կունենան «Միկա» մարզադահլիճում, առավոտյան ժամը 10:00-ից սկսած: Եզրափակիչ հանդիպումները կկայանան 15:00-ին: