«Էրդողանին, ամենայն հավանականությամբ, կհաջողվի հասնել իր նպատակին» (տեսանյութ)
Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցնեն լարված. կարծում է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը. «Անգամ դա կարելի է բնորոշել պայթյունավտանգ, ու այդ վիճակը կշարունակվի նաեւ հետո»: Թուրքագետը համոզված է՝ ընտրությունները Էրդողանի համար կենաց-մահու կռիվ են. «Նա ամեն գնով փորձելու է այս անգամ չձախողել ընտրությունները, ստանալ ձայների մեծամասնությունը եւ միակուսակցական կառավարություն ստեղծել»: Լեւոն Հովսեփյանի գնահատմամբ՝ ի տարբերություն հունիսի յոթի ընտրությունների, այս անգամ արդյունքների վրա կարող են ազդել իշխանության ունեցած լծակները: «Ա1+»- ի հարցին, թե ընտրությունները կկեղծվե՞ն, թուրքագետը պատասխանեց. «Չեմ պնդի, որ կկեղծվի, բայց տոտալ վերահսկողություն կլինի, ընդդիմադիր մամուլին էլ կճնշեն եւ այդ ամենը կազդի ընտրազանգվածի կողմնորշման վրա»։ Թուրքագետը բացառում է, որ այնտեղ կկրկնվեն հունիսի յոթի արդյունքները եւ կրկին կոալիցիոն կառավարություն կստեղծվի. «Այդ անպտուղ բանակցություններն ու կոալիցիան անցած անգամ շատ մեծ հիասթափություն առաջացրեցին հանրության մոտ»,- ասում է նա ու հավելում՝ այս անգամ Էրդողանին ամենայն հավանականությամբ կհաջողվի հասնել իր նպատակին: