Գեւորգ Պրազյանը «Արարատին» փրկեց պարտությունից
Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: Մրցաշարի առաջատար Երեւանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Արարատի» հետ: Հարկ է նշել, որ դաշտի տերերն ավելի մոտ էին հաղթանակի, քանի որ նրանք երկրորդ խաղակեսում ստացան 11մ հարվածի իրավունք, սակայն արարատցիների դարպասապահ Գեւորգ Պրազյանը ետ մեղեց բրազիլացի Հեբեր Արաուխոյի հարվածը: Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն շնորհակալություն հայտնեց երկու թիմերին. «Թիմերի խաղում կային եւ գրոհներ, եւ համաչափ գործողություններ, եւ խաղային կարգապահություն: «Արարատն» արդեն դուրս է եկել հոգեբանական ծանր վիճակից, եւ եթե թիմի կազմը համալրվի եւս 3-4 ֆուտբոլիստներով, ապա մենք կաշխատենք պայքարել բարձր տեղերի համար»: «Ալաշկերտի» մարզիչ Արկադի Չիլինգարյանին զարմացրել էր ոչ թե ոչ-ոքի արդյունքը (վերջին հաշվով, երկու օր առաջ թիմը գավաթի խաղում հաղթել էր հենց ՙԱրարատին՚), այլ խաղացանկը. «Ֆուտբոլիստների հոգնածությունը պետք է զգացնել տար, քանի որ վեց օրում երեք խաղ անցկացրինք: Այսպիսի գրաֆիկ միայն ֆանտաստիկայում է լինում»: Ի դեպ, այս շաբաթ նույնպիսի գրավիկով են խաղացել նաեւ հոլանդական «Այաքսը», իսպանական «Բարսելոնան», որոնք մինչ այդ դժվար հանդիպում էին անցկացրել նաեւ չեմպիոնների լիգայում: Օրվա երկրորդ խաղում Երեւանի «Բանանցն» իր մարզադպրոցում ընդունեց «Շիրակին»: Այստեղ նույնպես հյուրերն առաջինը բացեցին հաշիվը, սակայն դաշտի տերերին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը եւ գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1: