«Փյունիկն» այս անգամ դաս տվեց «Գանձասար-Կապանին»
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացան 12-րդ տուրի վերջին երկու խաղերը: Նախ մրցաշարի ետնապահ Երեւանի «Ուլիսը» հյուրընկալեց «Միկային»: Ինչպես եւ սպասվում էր, հանդիպումն անցավ հյուրերի բացահայտ առավելությամբ, քանի որ դաշտի տերերը վաղուց չեն մարզվում եւ միայն խաղերի օրերին են իրար հետ հավաքվում, բացի այդ մի քանի ամիս աշխատավարձ չեն ստանում եւ կորցրել են մոտիվացիան: Չնայած այդ հանգամանքներին, «Միկան» մեծ դժվարությամբ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ՝ 1:0: Այնուհետեւ, հանրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց «Գանձասար-Կապանին»: Տասն օր առաջ թիմերը նույն դաշտում հանդիպել էին գավաթային խաղում, որն ավարտվել էր կապանցի ֆուտբոլիստների վստահ հաղթանակով՝ 3:1: Սակայն այս անգամ փյունիկցիները չորս անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը եւ ապացուցեցին, որ նախորդ խաղում կրած պարտությունը պարզապես ժամանակավոր սայթաքում է եղել: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 23 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջատար «Ալաշկերտին» (25): Երրորդ տեղում է «Շիրակը» (21), որը միայն մեկ միավորով է առաջ «Գանձասար-Կապանից»: Հաջորդ, 13-րդ տուրը, տեղի կունենա նոյեմբերի 7-ին եւ 8-ին: Կենտրոնական խաղը տեղի կունենա Գյումրիում, որտեղ «Շիրակը» կընդունի «Արարատին», որը 18 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: