«Մանախ»-ին բաց չեն թողնում (տեսանյութ)
14 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանին մնացել է ընդամենը 4 ամիս՝ պատժաչափը լրանալու համար, բայց նա շարունակում է պայքարել վաղաժամկետ ազատ արձակվելու համար։ Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկաներից մեկի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար դատապարտվածի հայցը վերաքննիչ դատարանում է՝ ընդդեմ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի։ Դատական այսօրվա նիստում ներկայացվեց բողոքը՝ հիմնավորմամբ, որ այն չի կարող անկախ գործել։ «Ո՞նց կարող է անկախ լինել հանձնաժողովը, որի ղեկավարը հանդիսանում է ոստիկանության պետի առաջին տեղակալը»,- այսօր դատարանում նշեց Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը, ըստ որի, պարզ չի, թե հանձնաժողովն ինչ չափանիշներով է առաջնորդվում։ «Ի՞նչ ապացույցների հիման վրա պետք է հիմնվի, ոչ մի տեղ գրված չէ, սահմանված չէ, թե դատապարտյալը ի՞նչ իրավունքներ եւ պարտականություններ ունի»- ասաց փաստաբանը: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը, սակայն, մերժեց հայցը: